«Ինչ վեկտորի փոփոխության մասին է խոսքը»
Բլոգոսֆերա
Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը տևական ժամանակ է հետաքրքրությամբ հետևում էր Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գործունեությանը, միայն վերջին շրջանում կոնկրետ քայլեր է ձեռնարկվում այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Նախ, Չինաստան կատարած այցի շրջանակներում այդ մասին պաշտոնապես հայտարարեց ՀՀ վարչապետը, ապա ավելի ուշ, ՀԱՊԿ խորհրդի նիստում ունեցած իր ելույթում մեր երկրի ցանկության մասին հայտարարեց ՀՀ Նախագահը' միաժամանակ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում խնդրելով ՀԱՊԿ անդամ երկրների աջակցությունը (այն երկրների, որոնք կազմակերպության անդամ են):
Այս հայտարարություններից հետո առավելապես բացասական, լավագույն դեպքում՝ լոյալ մեկնաբանություններ հնչեցին:
Միաժամանակ կարծիքներ հնչեցին այն մասին, թե Հայաստանը նպատակ ունի վերջնականապես փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը և Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու մտադրությամբ վերջակետ է դրվում այս գործընթացին:
Մի փոքր անհասկանալի է, թե կոնկրետ որ վեկտորի փոփոխության մասին է խոսքը, սակայն մի բան ակնհայտ է' ՇՀԿ մասին ոչ միայն պաշտոնական, այլև առհասարակ տեղեկատվությունը բավականին աղքատիկ է, ինչը ինտեգրացիոն գործընթացների չափազանց ակտիվ սեպտեմբերյան փուլում ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալը հանրությանն է ներկայացվում լրիվ այլ փաթեթավորմամբ:
Ի դեպ, Ադրբեջանը այս կազմակերպությունը դիտում է իր գաղափարա-քարոզչական պրոյեկտները իրացնելու հարմար հարթակ, և պատահական չէ, որ պաշտոնական Բաքուն ևս ակտիվություն է դրսևորում այս կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար:
Հենց միայն այս հանգամանքը, Հայաստանին ստիպում է ոչ միայն աշխատանքներ տանել այդ կազմակերպության անդամ երկրների հետ' Ադրբեջանի մուտքը այդ կազմակերպությունում արգելափակելու (լավագույն դեպքում) կամ հավասարակշռություն պահպանելու հարցում (նվազագույնը), այլև իր անմիջական ներկայությունը, թեկուզ դիտորդի կարգավիճակով, կազմակերպությունում ապահովելու հարցում:
Չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ այդ տարածաշրջանը զարգացման բավականին մեծ ներուժ ունի, մանավանդ, որ կազմակերպության հիմնական լոկոմոտիվը' օրեցօր մեծ թափ հավաքող Չինաստանն է:
Այս և մի շարք գործոնները հաշվի առնելով՝ ակնհայտ է դառնում, որ և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ը Հայաստանի համար բավականին ցանկալի է, ինչն անշուշտ բխում է Հայաստանի ռազմավարական շահերից»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող