Մոնթեի ծնունդն է այսօր
Բլոգոսֆերա
Մոնթեի ծնունդն է այսօր
Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին:
Հուշեր Ավոյից.
Առաջին օրերն էր, ինչ Մոնթեն եկել էր Մարտունու շրջան: Նրան կապ են տալիս, որ զգուշացեք տանկեր են գալիս ձեր ուղությամբ: Մոնթեն ինչպես միշտ դեմքի բարի ժպիտով պատասխանում է. «Թող գան, մեզ տանկեր են պետք»:
***
1992թ. էր: Մոնթեն գերիներին բուժման համար բերել էր հոսպիտալ: Ժողովուրդը, զինվորները դժգոհում էին` ինչո՛ւ է թուրքին բուժում: Չէին ուզում վիրահատվող գերուն արյուն տալ: Սկսեցին գոռ-գոռալ, աղմկել: Մոնթեն ասաց. «Ով չի ուզում գերուն արյուն տալ, թող գնա հետախուզության, տվյալներ բերի»: Երևի թե չգիտեր ռազմագերիներին վերաբերող միջազգային օրենքները, բայց ավելի քան հումանիստորեն էր վերաբերվում: Ինքը սովոր էր ապրել ծնողների օրենքով և այդ օրենքներից մեկն այյն էր, որ մարդը մարդուն վատ, չար, գայլի հոգեբանությամբ չպետք է վերաբերվի:
Նելսոն Սողոմոնյանի հուշերից, Ասպրամ Ծառուկյանի «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք…» գրքից
***
1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝ մոտենում են, սակայն պարզվում է` ադրբեջանցիներ են մեքենայում: Սկսվում է փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվում են Մոնթեն և նրա զինակից ընկերը՝ Սարիբեկը:
Մարդ պետք է մի քիչ Ավո լինի
Մոնթեն երբեք չէր ծխում, հայհոյում էր շատ հազվադեպ, երբեք ոգելից խմիչք չէր օգտագործում: Երբ մասնակցում էր ավանդական կենացներին, կարող էր բարձրացնել մի բաժակ մածուն: Նա իր ամսական աշխատավարձը տալիս էր խոհարարներին, միշտ մերժում էր մենաշնորհները' գերադասելով ապրել նույն պայմաններում, ինչ իր հրամանատարության տակ գտնվող զինվորները:
Մի օր էլ երբ նրան առաջարկեցին զինվորական տաք բաճկոն (իր հագինը չափից ավելի մաշված էր), Մոնթեն հրաժարվեց այն վերցնել, ասելով. «Չե՞ս ամչնար, տար դիրքեր` տղաներին»: Այդօրինակ վերաբերմունքը շրջապատի հանդեպ, բնականաբար, իր դրական ազդեցությունն էր թողնում Ավոյի հեղինակության վրա: Եվ պատահական չէ, որ մարտունեցիները, երբ ուզում էին ասել` «Մարդ պետք է մի քիչ ազնիվ լինի», փոխարնեը ասում էին. «Մարդ պետք է մի քիչ Ավո լինի»:
***
Հուշեր Ավոյից
- Երբ մարտն ավարտվում էր մեր հաղթանակով,– պատմում է Թամարան,– բարձր տրամադրությամբ Մոնթեն անսպասելի մեկ էլ դիմում էր ինձ. «Կինը պետք է ամուսնանա, երեխաներ ծնի, օջախը վառ պահի, որ հայ տղամարդու թիկունքը ամուր լինի, թե չէ ի՞նչ գործ ունես պատերազմի հետ»։ Իսկ երբ օրհասական պահեր էին լինում, նորից դիմում էր ինձ. «Ապրես, Թամարա աքի, ազգի պաշտպանությունը կին-տղամարդ չի ճանաչում։ Թեկուզ մահակով' պետք է մեր երկիրը պահենք»:
***
«Քարվաճառի ազատագրումից հետո տղաները պարգևատրվում են 3000 - ական ռուբլով: Այդ օրը դիրքում գտնվող տղաներից մեկը, մի եղնիկ նկատելով, կրակում է ու վրիպում: Լուրը հասնում է Մոնթեին: Իր մոտ կանչելով ձախողակ «որսորդին» ասում է.
- Լսած եմ, պետական փանփուշտով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել:
- Հրամանատար, Քարվաճառից այնքան փանփուշտ, զինամթերք ենք վերցրել. որ մի կրակոցն ի՞նչ է:
-Զինվորը` զինվոր է, երբ ունի պետական մտածողություն: Այդ փանփուշտները հայրենիքի պաշտպանության համար են: Որպես պատիժ քո ստացած 3000 ռուբլուն 2000 էլ կավելացնես ու կմուծես որպես տուգանք»:
Գրառումը` «Մեր բանակը» ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն