Բռնությունը փչացնելուց գերադասելի է
Հասարակություն
Բռնապետական պետություններում այլախոհներին ծեծում են, խոշտանգում, բանտերը նետում, սպանում, սակայն այդ ամենով հանդերձ իշխանությունը ամեն ինչ անում է, որ ժողովուրդը հնարավորինս քիչ փչանա։ Այսինքն պետական մակարդակով չեն քաջալերվում գողությունը, կաշառակերությունը, դավաճանությունը և այլ հանցագործությունները։ Իհարկե, բռնապետական ռեժիմներում այլախոհները շատ ավելի վատ պայմաններում են ապրում ու ավելի մեծ զրկանքներ կրում, սակայն դրանից ժողովուրդը ավելի քիչ է տուժում, քան եթե այդ նույն այլախոհներին իշխանությունները փողով գներ ու այդ ամենը ներկայացվեր որպես հաղթանակ։ Այլախոհներին գնելը դեռ ոչինչ, դա այս կամ այն կերպ կիրառվում է տարբեր ռեժիմների կողմից, սակայն ամենավտանգավորը ժողովրդին գնելն է, երբ ժողովրդին պահում են այնպիսի չքավորության մեջ, որ նա պատրաստ է հանուն իր երեխաների այօրվա մեկ կտոր հացի վաճառել իր երեխաների ապագան։
Դրա ցայտուն օրինակը տեղի ունեցավ Ախթալայում, երբ մանկապիղծի մասին պղծված երիտասարդների ծնողները հայտնում էին, որ նա իրենց Աստվածն է, քանի որ հացի փող է տվել մանուկներին ու չի թողել, որ նրանք մեռնեն։ Իշխանությունները եթե գնում են այս տարբերակով, սա բազմապատիկ ավելի վտանգավոր է, քան բուն բռնապետությունը։ Եթե բռնապետության ժամանակ բանտում հայտնվածը դուրս գալուց հետո կարող է պայքարել, եթե ծեծվածը կարող է ուժենանալ ու հետո ծեծել իրեն ծեծողին, եթե խոշտանգվածը կարող է իր բողոքը հասցնել հանրությանը, եթե սպանվածի հարազատները կարող են վրեժով լծվել ու դրանով իսկ զգոն պահել բռնապետական ռեժիմի կամակատարներին, ապա փչանալու դեպքում մարդը ոչինչ անել չի կարող։ Նույնիսկ բռնապետության համար ավելի ձեռնտու պետք է լինի ունենալ իր ռեժիմից տուժածներ ու ռեժիմը ատողներ, քան պետության կողմից փչացածներ։ Վերջիններս գտածո են օտար ուժերի համար, ու ինչքան այդպիսի մարդկանց քանակը շատ է, այնքան պետության ազգային անվտանգությունը՝ ավելի խոցելի։ Արդյոք որևէ մեկը ՀՀԿ–ում չկա, որ կհասկանար այս պարզ ճշմարտությունը։ Մի՞թե դժվար է հասկանալ, որ այն մարդը, որը 5000 դրամով վաճառում է իր երեխաների ապագան, տարբերություն չի տեսնում, թե ով է այդ փողը տվողը։ Նախորդ իշխանությունները կատարել են բազմաթիվ սխալներ, որոշ դեպքերում այդ սխալները ճակատագրական են եղել, սակայն մինչև 2003 թվականի ընտրությունները որևէ մեկի մտքով չէր անցնում, որ կարելի է ժողովրդի ձայները զանգվածաբար գնել։ Նույնիսկ 1998–ին՝ Քոչարյանի ընտրությունների ժամանակ, ձայներ չգնվեցին. եղան լցոնումներ, ծեծ ու ջարդ, սակայն Վազգեն Սարգսյանը չէր կարող թույլ տալ, որ ազգին դարձնեն մարմնավաճառ։ Շատերը ասում են՝ ի՞նչ վատ է, կարևորը բռնություններ չլինեն ապագայում կայանալիք ընտրություններում, բայց կարծես թե ճիշտ հակառակն է. եթե ընտրությունը բռնության ու փչանալու մեջ է, ավելի լավ է բռնություն կիրառվի, քան ժողովրդին փչացնեն։
Լեո Արամյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը