Արդեն քսան տարի է` ասում եմ եկեք իմ ձայնն առեք, տեսնեմ` կարո՞ղ եք. Լևոն Իգիթյան
Այլ
Հայ հասարակությունը արժանի է այն բանին, ինչ ունի, ոչ ոքի սեփական տնից դուրս ոչինչ չի հետաքրքրում, միևնույն ժամանակ այսօր յուրաքանչյուր ոք կարող է իր ձայնը 500 դրամով վաճառել, արդյունքի համար էլ մեղադրել դիմացինին: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ճարտարապետ Լևոն Իգիթյանը' հավելելով, որ արդեն քսան տարի է' հայաստանյան ընտրություններն իր համար թափանցիկ են, քանի որ ինքը իր ձայնը ոչ ոքի չի վաճառել:
«Արդեն քսան տարի է' ասում եմ եկեք իմ ձայնն առեք, տեսնեմ' կարո՞ղ եք»,-ասաց նա' ընդգծելով, որ այսօր բոլորս ուզում ենք մեծ երկրում ապրել, այնինչ դեռ հարց է' պատրաստ ենք արդյոք մեծ երկրի տեր լինել:
Անդրադառնալով Երևանի' որպես մայրաքաղաքի ներկայիս կերպարին, Լևոն Իգիթյանը Պարույր Սևակի հետ կապված մի միջադեպ հիշեց.
«Երբ ուսանող էի, մի անգամ լսեցի, որ Պարույր Սևակը ցանկանում է տեսնվել մեզ հետ, կարծեցի, թե հերթական' պոեզիային վերաբերող հավաքներից է լինելու, սակայն գրողն ուրիշ ասելիք ուներ. Նախորդ օրը նա մեր համալսարանի մոտի պուրակում ջարդված աթոռ էր տեսել, մտահոգվել էր' ինչու է ջարդվել։ Մեր քաղաքում ախր թուրքեր չէին ապրում»,-հիշեց ճարտարապետը' հավելելով, որ գրողի սրտացավ վերաբերմունքով պիտի պիտի վարակվի ամեն քաղաքացի:
Լևոն Իգիթյանն անդրադարձավ այլ' իրեն մտահոգող հարցերի ևս։
«Մի քանի օր առաջ սուպերմարկետում էի, մոտ տասնհինգ հոգի տղա էր հավաքված, մոտներով հիասքանչ աղջիկներ էին անցնում, բայց սրանց ուշադրությունը թանկարժեք ավտոմեքենաների կողմն էր։ Սա նշանակում է, որ մեր արժեհամակարգը լուրջ փոփոխությունների է ենթարկվում, ուղղությունն էլ հայտնի չէ»,-իր մտահոգությունը հայտնեց ճարտարապետը:
Լևոն Իգիթյանը չի ընդունում դրսից հովանավորվող ծրագրերը' պատճառաբանելով, որ հովանավորից հետագայում անուղղակի կախվածություն է առաջանում։
«Ներկա դրությամբ Ժամանակակից արվեստի թանգարանը ֆինանսական աջակցության կարիք ունի, դրսից եղել են հովանավորչական առաջարկներ, բայց մերժել ենք' հետագայում անկախությունը պահելու նպատակով»,-հայտնեց ճարտարապետը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը