«Կարեն Անդրեասյանի զեկույցը մի նպատակ ուներ` զրոյից ցածր հեղինակությունը մի փոքր բարձրացնել»
Բլոգոսֆերա
Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ կարդացի Կարեն Անդրեասյանի «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» արտահերթ զեկույցը, համոզված էի, որ մեր մամուլն այս պրիմիտիվ խայծը կուլ չի տա եւ ի ցույց կդնի այդ թղթի կտորի դատարկությունը: Բայց որքան էլ զարմանալի է, բոլորը «կուտը կերան», սկսեցին Անդրեասյանին պաշտպանող հայտարարություններով հանդես գալ: Բանը հասավ նրան, որ իմ կողմից շատ հարգված փաստաբաններից ոմանք սկսել են իրենց գոհունակությունն արտահայտել Անդրեասյանի գործունեությունից:
Լավ հարգելի գործընկերներ ջան, հատկապես նրանք ովքեր մասնակցել են Անդրեասյանի ասուլիսին, ինչ կլինի, որ Անդրեասյանին մի հարց տայիք, որ «Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա» դու էլ ում ինչին էիր պետք լինելու:
Ախր էտ զեկույց կոչվածը ընդամենը մամուլի հրապարակումների հիման վրա շատ վատ սարքված կոնսպեկտ է, որովհետեւ ի տարբերություն Անդրեասյանի մամուլի հրապարակումները գոնե եղել են կոնկրետ' անձի եւ դատավորի վերաբերյալ: Իսկ Անդրեասյանն այդ ամենը լղոզել եւ գոլոտ ինչ-որ թուղթ է սարքել ու հանրության երեսին է նետում այն, ինչի մասին բոլորը վաղուց եւ իրենից էլ շատ գիտեն:
Ասում է դատարանները կոռումպացված են, դա մենք էլ գիտենք, բայց կարող է դատարանները իրենք պետք է իրենց դեմ պայքարեն: Այսինքն, եթե ուզում ես դատավորների կամ որեւէ այլ կառույցում կոռուպցիայի մասին բարձրաձայնել, ապա պիտի մի փաստ արձանագրես, որ եթե մեր իրավապահները, իսկ ավելի կոնկրետ ոստիկանությունը օրենքով իրենց վրա դրված պարտականությունները կատարելով զբաղված լինեին, եթե օր ու գիշեր միայն քաղաքացիների բողոքներն անօրինական ձեւով սաստելով զբաղված չլինեին, ապա դատավորներն էլ կոռումպացված չէին լինի, մաքսայինի եւ հարկային աշխատողներն էլ գործարարներին չէին թալանի եւ մարդիկ Հայաստանից չէին փախչի:
Իսկ ինչ վերաբերվում է Անդրեասյանին ու նրա այս աշխարհացունց զեկույցին, ապա այն մեկ նպատակ ունի' զերոյից ցածր հեղինակությունը մի փոքր բարձրացնել, որպեսզի նրա ասածը հանրության շրջանում գոնե գրոշի արժեք ունենա, որ երբ, ասենք, Նիկոլը գնում է կալանավայր եւ վերադառնալով ասում, որ Շանթի եւ մյուս քաղբանտարկյալ տղաների նկատմամբ բռնություն է կիրառվել, Անդրեասյանը հնարավորություն ունենա հայտարարելու, որ այդպես չէ, ինքը եւս տեսել է նույն մարդկանց եւ բոլորը ողջ եւ առողջ են ու երջանիկ, որմեր փառապանծ ոստիկանությունն իրենց ազատությունից զրկել են:
Հարգելի փաստաբաններ ջան, Անդրեասյանին գովելուց առաջ հիշեք, որ նա այդ պաշտոնում նշանակվել է, որովհետեւ այն եզակի կարիերիստներից է, ով առանց վերեւների հետ համաձայնեցնելու անգամ զուգարան չի գնա:
Այս քարոզչական արշավի համար դատարաններին ընտրելու պատճառն էլ այն է, որ արդեն մեկ տարուց ավել է Վճռաբեկի ներկայիս նախագահին' Մկրտումյանին հասկացնում են, որպեսզի հրաժարական տա, բայց նա դա չի անում եւ սպասում է, որպեսզի իրեն ուղղակի այդ մասին, ասեն, իսկ ասողն էլ դա չի անում, քանի որ գիտի, որ դա հետագայում իր դեմ կարող է օգտագործվել:
Կասկած չունենաք, որ եթե հոկտեմբերին Մկրտումյանը հրաժարական տար, ինչը մի պահ անխուսափելի էր թվում, ապա այս զեկույցը չէր լինի: Ի դեպ, մամուլը վաղուց գրել է նաեւ, թե ում համար են փորձում Վճռաբեկի նախագահի պաշտոնն ազատել, բայց դե Մկրտումյանը չափից ավել համառը գտնվեց:
Հ.Գ. Ի դեպ, պատահական չի, որ ես Անդրեասյանին «մարդու իրավունքների պաշտպան» ձեւակերպմամբ չեմ անդրադառնում, քանի որ նա այդպիսին չի հանդիսանում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն