Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները գաղտնազերծել են Չարլի Չապլինի անձնական գործը
Աշխարհ
Բրիտանական MI-5 հետախուզական ծառայությունը գաղտնազերծել է Չարլի Չապլինի անձնական գործը, որը վերաբերում է այն ժամանակներին, երբ Հետախուզությունների դաշնային բյուրոյի (FBI) գործակալները դերասանին մեղադրել են նրա ղեկավար Էդգար Հուվերի հանձնարարությամբ կոմունիստների նկատմամբ համակրանք ունենալու համար, գրում է The Guardian թերթը։
Այդ տարիներին ՀԴԲ–ն MI-5–ից խնդրել է դերասանի մասին տեղեկատվություն տրամադրել՝ նրան անվանելով «հոլիվուդյան բոլշևիկներից» մեկը։ «Չապլինը կոմունիստական կազմակերպությունների է անդամակցել», - հայտնել են MI-5–ի աշխատակիցները 1952–ի հոկտեմբերին Վաշինգտոնին ուղարկված պատասխան զեկույցում։
Բացի այդ, MI-5–ից հաղորդել են, որ 1942-ին Լոս Անջելեսի ամերիկա-խորհրդային բարեկամության խորհրդի մասնաճյուղում Չապլինը հայտարարել է, որ «կոմունիզմում շատ դրական բաներ կան»։ Դերասանի անձնական գործում տեղ են գտնել նաև թերթերում և ամսագրերում նրա մասին գրված հովածների և նյութերի կարևոր հատվածներ, որոնցում նշվում է, որ Չապլինը թեև չի ընդունել ԱՄՆ քաղաքացիություն, սակայն 30 տարի ապրել է այդ երկրում։
Նրա անձնական գործն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Գուցե Չապլինը իրեն կոմունիստ է համարել, սակայն մեր տեղեկություններով՝ նրան ավելի շուտ կարելի է համարել «պրոգրեսիվ» կամ «արմատական»»։
1953–ին ԱՄՆ-ի իշխանությունները Չապլինին թույլ չտվեցին վերադառնալ երկիր։ Նա հերքել է, որ ինքը երբևէ եղել է կոմունիստ, սակայն որոշել է չբողոքարկել ԱՄՆ մուտք գործելու արգելքը և շարունակել է ապրել Շվեյցարիայում, որտեղ էլ 1977–ին իր մահկանացուն է կնքել աշխարհահռչակ «ծիծաղի և տխրության» դերասանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ