ԱԻՆ-ում քննարկվեց ընթացիկ սեյսմիկ ռեժիմը
Հասարակություն
Փետրվարի 17-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կազմակերպվել էր քննարկում` նվիրված Հայաստանի ընթացիկ սեյսմիկ ռեժիմի վերլուծությանը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Քննարկմանը մասնակցում էին Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյմիկ պաշտպանության ազգային ծառայության, ԱԻՆ գիտատեխնիկական խորհրդի ու գիտական ինստիտուտների մասնագետներ։
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, կարևորեց նման հանդիպումների կազմակերպումը, քանի որ դրանք տարբեր կառույցներում աշխատող գիտնականներին հնարավորություն են տալիս մտքեր փոխանակել և իրենց կարծիքը հայտնել սեյսմիկ հիմնախնդիրների վերաբերյալ։ «Հայաստանը գտնվում է սեյսմաակտիվ գոտում։ Փետրվարի 7-13-ը տեղի է ունեցել երեք թույլ երկրաշարժ, և նման ակտիվացումը հիմք հանդիսացավ միասնական ուժերով քննարկելու Հայաստանի ընթացիկ սեյսմիկ ռեժիմը», - ավելացրեց նախարար Երիցյանը։
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մասնագետները հանդես եկան «ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ ռեժիմը և ընթացիկ սեյսմիկ վտանգի մակարդակը» զեկույցով, որում ներկայացվեցին Հայաստանի խզվածքային գոտիները, դրանց ակտիվության և հարաբերական պասիվության փուլերը, կրկնելիության ժամկետները։ Ըստ ՍՊԱԾ-ի մասնագետների՝ այսօր չկան զգալի անոմալիաներ, որոնք կարող են խոսել նախապատրաստվող ուժեղ երկրաշարժի մասին։
Փետրվարի 16-ի կառավարության նիստում նախարար Երիցյանն առաջարկել էր վերագործարկել Գառնիի դիտարանը, որտեղ գտնվում է 1988 թ. երկրաշարժը ֆիքսած դեֆորմոգրաֆ սարքավորումը։ Քննարկման մասնակիցները ևս կարծիք հայտնեցին, որ անհրաժեշտ է արդիականացնել և վերագործարկել այդ սարքավորումը։ Նշենք, որ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարական է տվել Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ մշակել համապատասխան որոշման նախագիծ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը