«Ադրբեջանական բանակի մասին լեգենդները խիստ չափազանցված են»
Բլոգոսֆերա
Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ղարաբաղում առկա սպառազինությունը տարաշրջանային խաղաղության, կայունության և զարգացման հիմնական սպառնալիքն է:
Հետաքրքիր զուգադիպությամբ, Մամեդյարովը Արցախի սպառազինության ու դրա վտանգների մասին խոսում է հունվարի 9-ին, Ադրբեջանում տեղի ունեցած կառավարության հայտնի նիստից 4 օր անց, որի ժամանակ իր երկրի նախագահը, հպարտությամբ խոսում էր «ադրբեջանական բանակի սպառազինման ու բանակաշինության գործընթացի հաջողությունների մասին»:
Ավելին, իր ելույթում, Ադրբեջանի նախագահը ակնարկում էր տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման մասին' հօգուտ Ադրբեջանի, ընդգծելով, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքում պետք է դրվի «իրական ուժերի հավասարակշռությունն ու Ադրբեջանի աճող հզորությունը»:
«Մեր բանակը աշխարհի ամենաուժեղ բանակներից է»,- ասել էր Ալիևը:
Ստացվում է, որ «աշխարհի ամենաուժեղ ու ժամանակակից զինտեխնիկայով զինված բանակներից' «ադրբեջանականը» նույնիսկ առկա «հզորության» պայմաններում, մեծ սպառնալիք է տեսնում ԼՂՀ Պաշտպանության բանակից:
Սրանից երեք հիմնական հետևություն կարելի է անել. առաջին, Ադրբեջանի նախագահը ստում է, երբ ադրբեջանական բանակը ներկայացնում է որպես աշխարհի լավագույն բանակներից մեկը, երկրորդ, Ադրբեջանում խոստովանում են, որ նույնիսկ ընթացող սպառազինության մրցավազքի պայմաններում, Ադրբեջանը էականորեն զիջում է ԼՂՀ ՊԲ-ին (ՀՀ ԶՈՒ մասին դեռ խոսք չի գնում), ինչը լուրջ սպառնալիք է ստեղծում Ադրբեջանի համար: Երրորդ, ադրբեջանական բանակի մասին լեգենդները խիստ չափազանցված են, իսկ որակական ու ռազմավարական առումով, ադրբեջանական բանակը շարունակում է զիջել. այս առումով, տարածաշրջանում ուժերի հավասարակշռվածությունը չի խախտվել (թերևս սա ամենաիրատեսական տարբերակն է):
Մի քանի խոսք տարածաշրջանային սպառնալիքների մասին. անխոս, տարածաշրջանում սպառնալիքների պակաս չի զգացվում. Հայաստանի երկու հարևանների' Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականությունը ծառայում է մեկ նպատակի' իրական արտաքին սպառնալիքներ ստեղծել Հայաստանի ու առհասարակ տարածաշրջանի համար: Հենց միայն շրջափակման քաղաքականությունն ինքնին խոսում է Ադրբեջանի ԱԳ նախարարի ելույթի' ոչ անկեղծ լինելու մասին»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ