Նոր դիվերսիա՝ ազդանշան քաղաքական նահանջի մասին
Բլոգոսֆերա
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա օրերին նախատեսված հանդիպումից ու փետրվարին' նախագահների մակարդակով կազմակերպվելիք հանդիպումից առաջ, Ադրբեջանը հերթական անակնկալն է մատուցում բանակցային գործընթացի ակտիվացման ու ամենաբարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու ջանքեր գործադրողներին' համանախագահ երկրներին:
Միաժամանակ, երկու ուղղություններով դիվերսիոն գործողություն, ինչի հետևանքով հայ զինծառայող է զոհվել. այս պահի դրությամբ, ադրբեջանական կողմը միջադեպի վերաբերյալ որևէ պարզաբանում չի տարածել:
Կորուստներ ունի նաև հակառակորդը. այն մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ, դիվերսիոն գործողություն է իրականացրել, կատաղի մարտեր են իրականացվել, ինչի արդյունքում հակառակորդը տեխնիկական միջոցներ, զրահաբաճկոններ ու դիվերսիոն խմբերի հանդերձանքի այլ պարագաններ' թողնելով հայկական հենակետերի խրամուղում' փախուստի է դիմել:
Նահանջի ժամանակ, ադրբեջանցի դիվերսանտները իրենց հետ տարել են նաև սպանված ու վիրավորված համածառայակիցներին: Այս պահի դրությամբ, հայկական հենակետերում ուժեղացված հերթապահություն է տարվում:
Նկատենք, որ մեկ շաբաթ առաջ, պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված հայկական մարտական հենակետերի ու բնակավայրերի ուղղությամբ իրականացված ինտենսիվ կրակահերթին և հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Արցախի ՊԲ-ի հենակետերի ուղղությամբ միաժամանակյա իրականացված դիվերսիոն գործողությունները հաջորդեցին հունվարի 9-ին, Ադրբեջանի կառավարության նիստում, Իլհամ Ալիևի հնչեցրած կոշտ ելույթին:
Վերջինս սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի ու Արցախի հասցեին, հայտարարել էր, թե' «Վստահ եմ, որ Ադրբեջանի ուժեղ բանակը պետք է ասի իր խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ և ասելու է, երբ ժամանակը գա»: Համենայնդեպս, այս պահի դրությամբ, Ադրբեջանի բանակն իրեն դրսևորում է' «իր խոսքն ասում է», խաղաղ բնակիչների ուղղությամբ արձակված կրակահերթերով ու դիվերսիոն հարձակումներով, որի ժամանակ զգալի կորուստներ է գրանցում:
Դեռևս 2013 թվականի նոյեմբերի 19-ին, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների' Վիեննայում կայացած հանդիպումից հետո, ինչպես միջնորդները, այնպես էլ հայկական ու ադրբեջանական կողմերը լավատեսություն էին արտահայտել բանակցային պրոցեսի այս փուլում նշմարվող զարգացումների վերաբերյալ' հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավոր կլինի առավել հաճախակի' նախագահների մակարդակով հանդիպումներ կազմակերպել:
Սակայն հունվարի 9-ին, կառավարության նիստում Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարություններով ու դրան հետևած' հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ ինտենսիվ կրակահերթերով ու դիվերսիոն գործողություններով, Ադրբեջանը քաղաքական նահանջի ազդանշան հնչեցրեց, ինչն իրական սպառնալիքի տակ դրեց առաջիկայում սպասվող հանդիպումները: Ամեն դեպքում այն լավատեսական ֆոնը, որը գոյություն ուներ Վիեննայի հանդիպումից հետո, կարծես, վերջնականապես ցրվեց»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ