Քաղաքապետարանին կից ստեղծվել է Մաշտոցի պուրակի խնդրով մասնագիտական հանձնաժողով (Տեսանյութ)
Հայաստան
Երևանի քաղաքապետարանի դիմաց այս պահին ընթանում է Մաշտոցի պուրակում շինարարության դեմ արտահայտվող քաղաքացիների բողոքի ակցիան։ Լուրեր.com-ի թղթակիցը հայտնում է, որ ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իջնի և լսի իրենց պահանջները։
Տարոն Մարգարյանի փոխարեն ցուցարարներին է մոտեցել քաղաքապետի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մարկարյանն, որն ասել է, թե Տարոն Մարգարյանը չի կարող իջնել ցուցարարների մոտ՝ խիստ զբաղվածության պատճառով, սակայն խոստացել է վերջիններիս պահանջները ներկայացնել քաղաքապետին։ Մարկարյանը նաև ասել է, որ քաղաքապետը չի իջնի ցուցարարների մոտ նաև այն պատճառով, որ վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել Տարոն Մարգարյանի նկատմամբ։
Տարոն Մարգարյանն ըստ երևույթին վիրավորական է համարել ցուցարարների՝ «Տարոն, իջի՛ր» վանկարկումները։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Մաշտոցի պուրակի խնդիրը։ Ակտիվիստներն իրենց հերթին պահանջել են, որպեսզի մինչ այդ հանձնաժողովի եզրակացության հրապարակումը դադարեցվեն շինարարական աշխատանքները պուրակում։ Քաղաքապետարանից, սակայն, հայտնել են, որ շինարարությունը չի դադարեցվելու։
Ակտիվիստները ծրագրում են Մաշտոցի այգում շարունակել անժամկետ նստացույցը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի