Մայրենի լեզվի օրը մեդալներ շնորհելու համար չէ. Դավիթ Գյուրջինյան
Հայաստան
Մայրենի լեզվի օրը միայն շնորհավորական միջոցառումներով չէ, որ պետք է ուղեկցվի, տոնը մեդալներ շնորհելու համար չէ. լեզվի մեծարումը հարկավոր է կիրառել գործնականում։ Նման կարծիք հայտնեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ։
Բանախոսը մայրենի լեզվի ուսուցման ճանապարհին ուշագրավ ձեռքբերումը 5-6-րդ դասարանների աշակերտների համար նախատեսված դասագրքային ծրագրի շրջանակներում լեզվի և ընթերցանության միահյուսումն է համարում։ Նրա համոզմամբ՝ նույն փորձը կկիրառվի նաև 8-9-րդ դասարանցիների շրջանում։
Հայոց լեզվի պահպանման հարցում կարևորելով հասարակության դերը՝ բանախոսն ընդգծեց, որ խնդիրը միայն Լեզվի տեսչությունը կամ Լեզվական վերահսկողության մարմինը չէ, որ պետք է լուծեն։
«Հարկավոր է լեզվի պահպանման վերաբերյալ հասարակական գիտակցություն սահմանել։ Այս գործում մեծ են ԶԼՄ-ների, պաշտոնական մարմինների դերը։ Այսօր մեր նախարարություններից հաճախ լատինատառ հաղորդագրություններ ենք ստանում։ Նման կարևորության կառույցները պետք է միայն հայատառ տեղեկատվություն տարածեն»,–նշեց նա։
Լեզվի պահպանման հարցում հասարակության ամեն անդամի դերին կարևորություն տալով՝ լեզվաբանն օրինակ բերեց իր կատարած քայլը՝ բոլորին կոչ անելով նույնը կիրառել գործնականում։
«Վերջերս Facebook-ի՝ ուսանողներիս հետ ստեղծած խմբում մեզ համար օրենք սահմանեցինք՝ գրել միայն հայատառ. մեթոդը հիանալի գործեց։ Հասարակության ամեն անդամ անընդմեջ իր ներդրումը պիտի ունենա լեզվի պահպանման գործընթացում»,-նշեց Դավիթ Գյուրջինյանը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի