Երեխային քերականախեղդ անելով՝ հայերեն չես սովորեցնի. բանասեր
Հասարակություն
Հարկավոր է հայերենով սիրել ու աղոթել սովորեցնել երեխային, իսկ մենք քերականախեղդ ենք անում. այս կերպ նրան հայերեն չես սովորեցնի։ Նման կարծիք հայտնեց բանասեր Սուսաննա Այվազյանը՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ։
Նրա համոզմամբ՝ դպրոցականին քերականախեղդ չանելու համար հարկավոր է դասագրքային ծրագրերից հանել մեռած բառապաշարով կիրառվող առաջադրանքները. ուսումնառության մեջ պիտի լինի 21-րդ դարի հայերենը։
«Մայրենի լեզվի դպրոցական ծրագրերը կենտրոնացված են ուղղագորության, հնչյունափոխության վրա, մինչդեռ, օրինակ, համագործածական բառապաշարն աղքատանում է»,–նկատեց Սուսաննա Այվազյանը։
Անդրադառնալով այս ուսումնական տարում լույս ընծայված հարցարանային շտեմարանին՝ բանասերը նկատեց, որ դրանում տեղ գտած թերությունները շտկելու համար դեռ որոշակի ժամանակ է հարկավոր։ Նրա փաստմամբ՝ առաջին անգամ շտեմարանը լույս տեսավ բազում թերություններով, երկրորդը՝ որոշակի շտկումներով։ Ակնկալվում է, որ երրորդն արդեն ավելի հաջողված կլինի։
«Որպեսզի հարցարանային շտեմարանի թողարկումը հաջողված լինի, այն, ըստ օրենքի, նախքան հրատարակվելը մեկ տարով հատուկ փորձաշրջան պիտի անցնի և ապա՝ կիրառվի»,–նշեց Սուսաննա Այվազյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը