Ստամբուլում տարեց հայ կանանց սպանության կասկածյալը հերքում է հանցագործությունը
Թուրքիա
Ստամբուլի ծանր հանցագործությունների 2-րդ քրեական դատարանում երեկ շարունակվել է քաղաքի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց վրա հարձակումների և նրանցից մեկի' Մարիցա Քյուչյուքի սպանության մեջ կասկածյալ Մուրադ Նազարյանի դատավարությունը: Կասկածյալը դատարանում հայտարարել է, որ ինքը ոչ մեկին չի սպանել: Այս մասին հայտնում է «Ակոս» թերթը:
Դատավարությանը մասնակցել են նաև սպանվածի հարազատները և փաստաբանները:
«Ես ոչ մեկին չեմ սպանել: Ինձ երկու շաբաթ պահել են դատաբժշկական հիմնարկում հսկողության տակ»,-ասել է Մուրադ Նազարյանը: Ելույթ է ունեցել նաև Մարիցա Քյուչյուքի դուստրը' Պայծառ Միդիլլին: «Մուրադն ասում է, որ իրեն սպառնում են: Ո՞վ, ինչո՞ւ է սպառնում, ո՞ւմ է պաշտպանում, ի՞նչ են ուզել իմ մորից»,-հարցադրումներ է արել նա:
Դատարանը որոշել է սպասել դատաբժշկական կառույցի զեկույցին, երկարաձգել Մուրադ Նազարյանին կալանքի տակ պահելու նախկին որոշումը և դատական նիստը հետաձգել մինչև մարտի 12-ը:
Ավելի վաղ Նազարյանը իր փաստաբան Էրեն Քեսքինին ասել էր, որ վախենում է խոսել, քանի որ այդ մարդիկ շատ ուժեղ են, կարող են սպանել իրեն և իր հարազատներին: «Եթե տեսնեմ այդ մարդկանց կամ նրանց լուսանկարները, կճանաչեմ»,-ասել էր Նազարյանը: Թուրքական ԶԼՄ-երն ավելի վաղ հայտնել էին, որ սեփական տանը սպանված Մարիցա Քյուչյուքի մարմնի վրա դանակով խաչ էր արվել, իսկ տանից ոչինչ չէր գողացվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)