Համաշխարհային բանկը Հայաստանին 15 միլիոն դոլար վարկ է հատկացրել
Տեսանյութեր
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը որոշել է Հայաստանի «Համայնքային ջրամատակարարման ծրագրի» ֆինանսավորման համար 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ հատկացնել: Այդ մասին ասված է այսօր Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Ծրագրի նպատակն է նպաստել ջրի որակի եւ ջրամատակարարման բարելավմանը «Հայջրմուղկոյուղի» ընկերության ծառայությունների մատուցման որոշ տարածքներում` Աշտարակ (Արագածոտնի մարզ), Մասիս (Արարատի մարզ) և Էջմիածին (Արմավիրի մարզ) քաղաքներում եւ հարակից 15 գյուղական բնակավայրերում: Ենթադրվում է, որ կբարելավվի շուրջ 133.000 բնակիչների ջրամատակարարումը, խմելու ջրի մատակարարման տեւողությունը օրական 12 ժամից կհասնի 17 ժամի, կբարելավվի ջրի որակը:
Բացի այդ, շուրջ 21.000 բնակիչների տներում կտեղադրվեն ջրաչափեր: Ծրագրի ընդհանուր արժեքը 18 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 3 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացնի Հայաստանի կառավարությունը: Համաշխարհային բանկի տրամադրած 15 միլիոն ԱՄՆ դոլար վարկն ունի 25 տարվա մարման ժամկետ` 10 տարի արտոնյալ ժամկետով:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն