Թեժ քննարկում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
Հասարակություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Գրիգորյանը: Օրակարգում կար երկու հարց՝ «ՀՀ-ում արտադրական դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման» հայեցակարգի ներկայացում և քննարկում, և հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից մշակված ամփոփ առաջարկությունների ներկայացում: Այս մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վ. Վարդանյանը: Ըստ բանախոսի՝ ուսումնասիրվել է շուրջ 10 երկրի փորձ, ապահովագրական տարբեր մոդելներ: Առաջարկվում է սկզբնական փուլի համար ընտրել դժբախտ դեպքերի ապահովագրությունը մասնավոր ընկերությունների կողմից իրականացնելու տարբերակը, այնուհետև, համակարգը գործարկելուն զուգահեռ դիտարկել նաև մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրություն իրականացնելու ուղիները: Հայեցակարգի հեղինակներն առաջարկում են ստեղծել ապահովագրական բյուրո, որի կազմում կլինեն ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, գործատուների և աշխատավորների շահերի պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն կտա ճիշտ, հավասարակշռված որոշումներ կայացնել:
Ներկայացմանը հաջորդեց բուռն քննարկում, որի ընթացքում տրվեցին բազմաթիվ հարցներ հայեցակարգի բովանդակության վերաբերյալ, մտահոգությւոններ, որ ընդունելով ապահովագրության այս տարբերակը՝ պետությունը չի կատարի Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով և Վերանայված սոցիալական խարտիայով ստանձնած պարտավորությունները: Նկատի ունենալով առկա տարաձայնությունները և հնչած կարծիքները՝ պարոն Գրիգորյանն առաջարկեց ընդունել ՀՀ գործատուների միության նախագահ Գ. Մակարյանի առաջարկը՝ հայեցակարգն ընդունել ի գիտություն, շարունակել քննարկումները՝ հաշվի առնելով գործընկերների առաջարկները և մոտ ապագայում նորից անդրադառնալ այս կարևորագույն հարցին:
Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրեց ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բ. Խարատյանը: Նա հնչեցրեց աշխատանքային խմբի առաջարկությունները, մասնավորապես՝ նկատի ունենալով, որ 2012թ. ապրիլի 27-ին լրանում է հանձնաժողովի լիազորության ժամկետը՝ լրամշակել հանձնաժողովի աշխատակարգը, որոշում կայացնել կոլեկտիվ նոր պայմանագրի կնքման անհրաժեշտության վերաբերյալ, հաջորդ նիստը գումարել մինչև ապրիլի 27-ը, հրավիրել լրատվամիջոցներ և հաշվետվություն ներկայացնել կատարած աշխատանքների վերաբերյալ:
Բոլոր առաջարկներն ընդունվեցին միաձայն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը