Հանրային խորհուրդը կդիմի քաղաքապետին՝ Մաշտոցի պուրակում շինարարությունը դադարեցնելու խնդրանքով
Հասարակություն
Հանրային խորհրդի նիստը ամփոփելով՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրումն ակնհայտ ապօրինի գործողություն է, և այնտեղ շինարարությունը դադարեցնելու կոչով հանրային խորհուրդը կդիմի քաղաքապետին՝ հանրային քննարկումներ կազմակերպելու և հարցին լուծում տալու խնդրանքով։
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով ներկա էր քննարկմանը, պատասխանելով բնապահպանների շահերը ներկայացնող Կարինե Դանիելյանի առաջարկին, որ այս հարցը կարելի է լուծել կրպակատերերի հետ հանդիպելու և համաձայնության գալու միջոցով, նշեց, որ կրպակները պատկանում են քաղաքապետարանին և վարձակալներ դեռ չունեն։ Լուրեր.com–ի թղթակցի այն դիտարկմանը, որ եթե այդ կրպակները քաղաքապետարանի սեփականությունն են, ինչո՞ւ քաղաքապետը չի փորձում կոմպրոմիսի գնալ իր քաղաքի բնակիչների հետ, չէ՞ որ յուրաքանչյուր բարեկարգում արվում է ի շահ քաղաքացու և նրա ցանկությունը հաշվի առնելով, նա կմկմալով այդպես էլ չկարողացավ նորմալ պատասխան ձեւակերպել. մեջբերենք՝ «Հարցը ճիշտ եք տալիս, բայց գիտեք ոնց, հիմա իրավիճակ է ստեղծվել... այսինքն դա մեր սեփականությունն է... հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որը մեզ համար նոր վիճակ է, կփորձենք ինչ–որ լուծումներ գտնել»։
Մեկ այլ հետաքրքիր հակասություն. հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանն առաջարկ հնչեցրեց, որ քաղաքապետարանը փոխհատուցի կրպակատերերին իրենց հասանելիք գումարը, և հարցը լուծվի փոխհատուցում վճարելու միջոցով։ Դրան Երևանի գլխավոր ճարտարապետը պատասխանեց, թե դա ծանր կլինի քաղաքապետարանի համար։ Տրամաբանական հնարքներ պետք չէ կիրառել հասկանալու համար Նարեկ Սարգսյանի խոսքում առկա հակասությունը. եթե կրպակները պատկանում են քաղաքապետարանին, ապա ու՞մ հետ է քննարկումներ անելու քաղաքապետարանը փոխհատուցման վերաբերյալ։ Կամ գուցե քաղաքապետարանին շատ դժվար է փոխհատուցում վճարել... քաղաքապետարանին։
Վերջում նշենք, որ Նարեկ Սարգսյանը Մաշտոցի պուրակ չի այցելել եւ չի հանդիպել ակցիայի մասնակիցներին առողջական խնդիրների պատճառով։ Նա խոստացավ, որ առաջիկա օրերին պատրաստվում է լրացնել այդ բացը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը