Բանակը կերակրատաշտ է
Հասարակություն
Այսօր «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները և բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների հարազատները կառավարության շենքի դիմացից երթով շարժվել են դեպի նախագահի նստավայր՝ պահանջելով սպանված զինվորների գործերը քննությունն ու դատավարությունն անցկացնել արդար ու թափանցիկ: Երթին մասնակցել է նաև հրապարակախոս, կինոռեժիսոր, փոքր խորհրդի անդամ Արա Նեդոլյանը: Հենց նրա հետ էլ զրուցել է Լուրեր.com-ի թղթակիցը։
- Պարոն Նեդոլյան, կարո՞ղ են նման ակցիաները նպաստել, որ մեր զինված ուժերում իսկապես համակարգային փոփոխություններ տեղի ունենան:
- Նման ակցիաները, իհարկե, այդ համակարգային փոփոխություններ իրականացնելու ընթացքի մի մասն են։ Երբ որ կան փողոցային ակցիաներ և կոնկրետ հարցերի շուրջ կազմակերպված ակցիաներ, դա ցույց է տալիս շարժման ոչ աբստրակտ բնույթը, այսինքն, որ այն ունի ունակություն կենտրոնանալու կոնկրետ երևույթների վրա։
- Բայց հիմա այդ ակցիաները շատ-շատ են: Ի՞նչ կերպ պետք է ուղղորդել այդ ակցիաները, ինչի՞ վրա շեշտադրումներ անելով, որպեսզի դրանք ծառայեն իրենց բուն նպատակին։
- Ես կասեի՝ առաջին հերթին շատ հստակ հայեցակարգ ունենալն է՝ ի՞նչ ես առաջարկում։ Բողոքո՞ւմ ես. բողոքը, ինքնին, քաղաքացի դաստիարակելու և քաղաքացի դառնալու շատ լավ ճանապարհ է, բայց հարկավոր է նաև հայեցակարգ։ Օրինակ՝ այս ամենի պատճառը այն է, որ մեր բանակը ստրկատիրական բնույթի է, որ այսպիսի բանակն անախրոնիզմ է աշխարհում, և անհրաժեշտ է անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի։ Կարծում եմ այդ բաները միշտ պետք է շեշտադրվեն, որ կա լուծում, ինչպես և էկոլոգիայի հարցում, այնպես էլ՝ այստեղ։ Կա պրոբլեմ, կա՝ լուծում, այդ երկուսը պետք է շեշտադրվի։
- Պարոն Նեդոլյան, իսկ ըստ ձեզ, բանակում տեղի ունեցող սպանությունների «առատությունը» պայմանավորվա՞ծ է բանակի ձեր նշած ստրկատիրական բնույթով, թե՞ դուք այլ պատճառներ եք տեսնում։
- Այո, ես հիմնական դրա պատճառը տեսնում եմ: Մարդը ոչ թե կամավոր է գնում բանակ, այլ՝ հարկադրաբար։ Եվ երբ մարդը գնում է հարկադրաբար և հարկադրաբար է ծառայում կամ անում ցանկացած գործ, ուրեմն՝ նա հակված չէ արտահայտելու իր բնույթի լավագույն առանձնահատկությունները: Հակառակը՝ դրսեւորում է իր մեջ եղած վատագույնը։ Այսինքն՝ բանակում մթնոլորտն ավելի վատն է դառնում: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ մթնոլորտը բանակում կախված է հասարակության մթնոլորտից: Ոչ, բանակում ավելի վատն է մթնոլորտը, էականորեն ավելի վատն է, որովհետեւ, ի տարբերություն ողջ հասարակության, բանակում հավաքվել են անազատ մարդիկ, դրանից է այնտեղ մթնոլորտն ավելի վատ, քան հասարակության մեջ:
- Լավ, դուք առաջարկում եք պրոֆեսիոնալ բանակի անցում կատարելու տարբերակը, բայց Հայաստանի նման երկրի համար, մեր տնտեսական զարգացման աստիճանը հաշվի առնելով, հնարավո՞ր է անցումը պրոֆեսիոնալ բանակի, այդ գործընթացի ի՞նչ աստիճանական զարգացում եք տեսնում։
- Ես վստահում եմ մասնագետներին, որոնք ասում են, որ հնարավոր է այդ անցումը։ Նման հայեցակարգեր կային։ Մեր բանակը 1990-ականների վերջերին պատրաստվում էր անցնել պրոֆեսիոնալ հիմունքների։ Դա արվում է տարեկան՝ ինչ–որ հնարավոր չափով անցնելով կոնտրակտի: Կարծեմ մի քանի գունդ է հնարավոր ամբողջությամբ անցկացնել կոնտրակտի։ Խնդիրն այն է, որ այսօր մեր պետությունը նման նպատակ չունի: Այստեղ է որ հարց է առաջանում՝ ինչի՞ համար է նա քաղաքացուց վերցնում հարկ եւ ի՞նչ բարեփոխում է դրանով անում։
- Ո՞րն է պատճառը, որ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում իրավիճակը շտկելու համար։
- Դե, հասկանում եք՝ ստորացման և վախի մթնոլորտը անհրաժեշտ են այսպիսի բանակ պահելու համար։ Բացի դրանից, որ դա անազատ բանակ է, դա նաև կերակրատաշտակ է հսկայական քանակությամբ մարդկանց համար։ Իսկ դա հնարավոր է վախի, ստրկացման, մարդկանց արժանապատվությունը կոտրելու մթնոլորտը պահպանելու միջոցով։ Այնպես որ կառավարությունը գուցեև աբստրակտ ցանկանար, որ նման դեպքեր չլինեին, բայց նա չի կարող վերացնել այդ մթնոլորտը, քանի որ հենց այդ մթնոլորտն է ստրկատիրության էությունը, իսկ նպատակը՝ կրավորական ոգի դաստիարկել երիտասարդության մեջ:
- Շնորհակալություն:
Օվսաննա Գևորգյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը