Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը և Արտաքսման կիրակին
Հասարակություն
Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում և ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ: 4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի և կեղծ լինելը, գիշերով հրի է մատնել հեթանոսական Ռէա չաստվածուհու մեհյանը: Այս արարքի համար բանտ է նետվել և մեծագույն չարչարանքներից հետո 306 թվականին նահատակվել՝ այրվելով կրակի վրա: Սբ. Թեոդորոս զորավարը հայտնի է նաև, որպես վիշապասպան, որ քաջությամբ ու հավատով հաղթել է հսկա վիշապի: Օտար եկեղեցիներում հայտնի է նաև «Դիռոն» անվամբ, որ հունարեն նշանակում է «նորեկ» զինվոր:
Իսկ Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման: Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23): Նախապատմությունը հետևյալն է. մարդն, ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով, համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց: Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «...հող էիր և հող կդառնաս» (Ծննդ.3.19):
Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք: Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը