Եկեք ես քաղաքական հարցերում չխառնվեմ, ես երաժիշտ եմ. Գոռ Սուջյան
Հասարակություն
«Եկեք ես քաղաքական հարցերում չխառնվեմ, ես երաժիշտ եմ »,- հրաժարվելով պատասխանել Լուրեր.com-ի՝ հայ աստղերի Եվրատեսիլյան բոյկոտի մասին հարցերին՝ ասաց Dorians խմբի մենակատար Գոռ Սուջյանը: Լրագրողի այն դիտարկմանը, որ փաստորեն այս ամենը քաղաքականացված է, Գոռ Սուջյանը պատասխանեց. «Իմ պրոդյուսերն ավելի լավ է հասկանում քաղաքականությունից, իրենից ճշտեք»:
Հիշեցնենք, որ հայ երգիչները փետրվարի 23-ին հանդես էին եկել Եվրոպական հեռարձակողների միությանը և ՀՀ հեռուստաընկերությանն ուղղված հայտարարությամբ, որով հրաժարվում են մասնակցել Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին: Հայտարարության պատճառ է հանդիսացել փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի մահը:
Լուրեր.com-ը Եվրատեսիլյան բոյկոտի մասին զրուցեց նաև Dorians խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանի հետ. «Դա նախ պետական որոշում չի, դա ինչ–որ մարդկանց նախաձեռնություն է, որոնք որոշել են ինչ-որ բան ստորագրել: Մենք ոնց մինչև հիմա ենք ասել՝ պատրաստ ենք ներկայացնել Հայաստանը, եթե դա Հայաստանին պետք է: Իսկ գնալ, թե՞ չգնալ, դա ոչ մեր, ոչ երգիչների որոշելիքը չի: Մենք ունենք պետություն, համապատասխան մարմիններ, Ազգային անվտանգություն, Մշակույթի նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, ովքեր վստահ եմ՝ կորոշեն մասնակցե՞նք, թե՞ ոչ, իսկ մենք պարզապես պետք է շատ հանգիստ տանենք ցանկացած որոշում, և այն չդարձնենք ազգային հարց»։
Այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Վահագն Գևորգյանը երգչուհի Նունե Եսայանի այն հայտարարության մասին, որ «Ադրբեջան հայ երգիչ ոտք չպիտի դնի», Վահագն Գևորգյանը պատասխանեց. «Հայ երգիչը պետք է դնի ոտք այնտեղ, որտեղ ինքը կարող է իր երկիրը որակով և պատվով ներկայացնել»:
Հիշեցնենք նաև, որ երեկ Նունե Եսայանը Լուրեր.com-ի հետ զրույցում ասել էր. ««Եվրատեսիլ-2012»–ի պոտենցիալ մասնակցի՝ Գոռ Սուջյանի մասին բավականին բարձր կարծիք ունեմ. նա Հայաստանի լավագույն վոկալիստներից է, մեր բոյկոտը վերաբերում է կոնկրետ երևույթին. Ադրբեջան հայ երգիչ ոտք չպիտի դնի»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը