Ասք ընդ կեղծումն ԱԺ քվեարկության (տեսանյութեր)
Հասարակություն
Փետրվարի 9–ին ՀՀ ԱԺ–ում քվեարկության դրվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց։ Նրանց համար, որոնք տեղյակ չեն, թե ինչու ենք անդրադառնում հենց այս տխրահռչակ քառօրյայի ոչ պակաս տխրահռչակ նիստին, հիշեցնենք, որ հենց այդ օրը ուրիշի փոխարեն քվեարկելու պատգամավորների մոլուցքը իր դրսևորման գագաթնակետին հասավ։ Կոլաիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները ջանադրաբար սեղմում էին իրենց բացակա ընկերների քվեարկության կոճակները՝ անուշադրության մատնելով այն փաստը, որ իրենց տեսագրում են։ «Ցավոք սրտի, դեռ Գերագույն խորհրդի վերջին տարիներին բավական տարածում ստացավ ուրիշի փոխարեն քվեարկելու «ինստիտուտը»», – Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը։ Ըստ նրա, գործադիր իշխանության ներկայացուցիչներին, նրան հարող ուժերին և «իշխանություն տանող քաղաքական ուժերին» ձեռք է տալիս վարկաբեկել պառլամենտը՝ որպես ժողովրդի ընտրած մարմին։ Իսկ դրա դեմ, ըստ նախկին պատգամավորի, կարելի է պայքարել հստակ մեխանիզմներ կիրառելով, ինչպես օրինակ՝ աշխատավարձից զրկել, ընտրողներին տեղյակ պահել և այլն։ Հետաքրքիր է, ՀՀԿ պատգամավոր Արա Բաբլոյանին «դարձի» կբերի՞ իր «փոքրիկ» բյուջեից 300 հազար դրամի կրճատումը։
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը կարծում է, որ նման դեպքերում ՀՀ Քրեական օրենսգրքի 153–րդ հոդվածը («Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը»), կարող է տարածվել նաև ԱԺ-ում ուրիշի փոխարեն քվեարկելու երևույթի վրա։ Հոդվածը, մասնավորապես, սահմանում է. «Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ երկուսից երեք տարի ժամկետով»։
Նշենք, որ այդ օրն, ըստ ԱԺ լուսատախտակի վրա ներկայացված տվյալների, գրանցված պատգամավորների թիվն էր 88, որոնցից քվեարկությանը մասնակցել էին 68, չէին մասնակցել 18, կողմ էին քվեարկել 67, դեմ 0, ձեռնպահ 1 պատգամավոր։
Ազգայի ժողովը այդ օրը երևի ընտրակեղծարար ոտքից էր արթնացել...Լուսատախտակի վրա գրանցված արդյունքները Սամվել Նիկոյանին, չգիտես ինչու, մի երկու նիշ բարձր էին երևում։ Բայց չէ՞ որ ԱԺ նախագահը ծնունդով Շիրակից է... Մի՛ զարմացեք այս հիմնավորման վրա. Լարիսա Ալավերդյանի այն դիտարկմանը, որ «պարոն Ղուկասյանը երկուսի փոխարեն է քվեարկում», ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանում է. «Ոչինչ, ղարաբաղցիներին կարելի է»։ Հերմինե Նաղդալյանը երևի նույնպես ծնունդով ղարաբաղից է, քանի որ այնպիսի եռանդագին ակրոբատիկ հնարքների դիմելով էր ձգվում դեպի հարևան պատգամավորի բաղձալի կոճակը, որ հաջողացրել էր հայտնվել այդ օրը ԱԺ–ում կատարված բոլոր տեսագրությունների մեջ։
Դիվանագիտական հայտնի որակները անտեսվեցին նաև ԱԺ նիստից հետո, երբ Հերմինե Նաղդալյանն իրեն ուղղված հարցին, թե ինչու էր քվեարկում ուրիշների փոխարեն, պատասխանեց. «Ես միայն իմ փոխարեն եմ քվեարկել»։ Հիշողությունից, ակամա, դուրս է լողում «3+2» ֆիլմի հայտնի նախադասությունը. Банальная откровенность։
Այս գեղարվաեստաթատերական մթնորոլորտը, սակայն, փչացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որն անհասկանալի պատճառներով ողջախոհության և արդարամտության կոչեր էր ուղղում իր գործընկերներին։ Պատգամավորը պնդում էր, որ դահիլճում 67 պատգամավոր ներկա չէ, ուստի քվորում չի կարող լինել։ Այտեղ Էդուարդ Շարմազանովը ապացուցեց, որ ինքը ոչ թե ղարաբաղցի է, այլ՝ ախտեցի, քանի որ ոչ մի նման հակասություն չտեսավ։ Իր հերթին, կոալիցիոն դաշնակցի պաշտպանության գործին լծվեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ դիտարկմամբ, թե ուրիշներին քննարդատելու փոխարեն, թող «Ժառանգությունը» նախ ապահովի իր պատգամավորների ներկայությունը։
Բացի «ժառանգություն» կուսակցությունից, վերոնշյալ գեղարվեստաթատերական մթնոլորտը փչացրեց նաև «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի» նախագահ Ռուբեն Թորոսյան, որը փետրվարի 11-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացրել հաղորդում՝ պատգամավորներ Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին և Արեգ Ղուկասյանին պատասխանատվության ենթարկելու մասին։ Եվ գուշակեք՝ ի՞նչ եղավ արդյունքում. արդարությունը վերականգնվե՞ց, պատգամավորների նկատմամբ պատժամիջոցնե՞ր կիրառվեցին... Ո՛չ մի դեպքում, չէ՞ որ մենք կայուն զարգացող երկրում ենք ապրում. կայուն կերպով պահպանվող ընտրակեղծիքների «ինստիտուտը» աստիճանական զարգացան ճանապարհով շարքային քաղաքացուց հասել է Ազգային ժողով։ Մեզ մոտ նույնկերպ կայուն զարգանում են նաև արտագաղթը, կոռուպցիան, աղքատությունը և այլ՝ իշխանություն+օլիգարխիա միասնությունից ծնված երևույթներ, որոնց դեմ ժողովրդի ներկայացուցչական մարմինը «պայքարում» է... ուրիշի փոխարեն քվեարկելով։ «Ուրիշի փոխարեն որ քվեարկում է, էդ մարդը ուրիշ կերպ պիտի քվեարկե՞ր», – տարակուսում է ուրիշի փոխարեն քվեարկող ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը:
Սակայն մեր ընթերցողին շատ չհուսահատեցնելու համար նյութն ավարտենք հումորով։ Փետրավրի 21–ին ԱԺ–ում քննարկվում էր ՔՀԾ կողմից ՀՀ ԱԺ նախագահին ուղարկված գրությունը, որը վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկած ՀՀԿ-ական պատգամավորներին պատասխանատվության կանչելու խնդրին: Քննարկման արդյունքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը որոշեց դիմել ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին՝ կոչ անելով աշխատանք տանել հետայսու համանման երևույթները բացառելու համար:
Լսենք նաև «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի մեկնաբանությունը Սամվել Նիկոյանի վերոնշյալ հայտարարության կապակցությամբ.
Օվսաննա Գևորգյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը