Հայտնի դարձան «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր» մրցույթի հաղթողների անունները
Հասարակություն
Ամփոփվեց «Dasaran.am» կրթական ծրագրի ու Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված Չարլզ Դիքենսի 200-ամյակին նվիրված «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր» խորագրով շարադրությունների համադպրոցական մրցույթը:
Մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում, ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչն, ով հանդես եկավ բացման խոսքով և ողջունեց ներկաներին: Միջոցառման մշակութային մասն ապահովեց Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնը, ինչպես նաև հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց ավազային նկարչության հետաքրքիր ցուցադրություն: Միջոցառման ընթացքում անցկացվեց վիկտորինա, որի ընթացքում աշակերտները փորձեցին Մեծ Բրիտանիային և Չ.Դիքենսին վերաբերող իրենց գիտելիքները:
Մրցույթի կազմակերպման աջակիցներն են «Dasaran.am» կրթական ծրագրի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն և «NURCARD» կուտակային ծրագիրը:
«Ի՞նչ կգրեր Դիքենս այսօր» խորագրով շարադրությունների համադպրոցական մրցույթը մեկնարկել էր 2011թ. դեկտեմբերի սկզբին և նախատեսված էր 7-12-րդ դասարանում սովորող աշակերտների համար, որոնք պետք է ներկայացնեին անգլերեն լեզվով գրված շարադրություններ: Մրցույթին մասնակցել էին 130 դպրոցների աշակերտներ, և ներկայացված 1000-ից ավելի աշխատանքներն ունեցել էին հետևյալ խորագրերը.
• «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր»,
• «Դիքենսյան հերոսն ապրում է մեր հարևանությամբ …»,
• «Ինչպիսին կլիներ Դիքենսի հերոսը սոցիալական ցանցում…»,
• «Գիտե՞ք, որ Դիքենսի հերոսը սովորում է մեր դպրոցում…»:
Առաջին հորիզոնականը զբաղեցրած Արփի Գևորգի Հարությունյանը (118-րդ դպրոց, 11-րդ դաս.) ստացավ notebook համակարգիչ, երկրորդ տեղը զբաղեցրած Ռուբինա Հովհաննեսի Դավթյանը (105-րդ դպրոց, 12-րդ դաս.)՝ Kindle Reader ընթերցիչ և երրորդ հորիզոնականում հայտնված Միքայել Երվանդի Հարությունյանը (ԵՊՀ-ին կից ֆիզ.-մաթ. դպրոց, 11-րդ դաս.)՝ DVD-նվագարկիչ: Առցանց քվեարկության հաղթող ճանաչվեց Սուսաննա Տիգրանի Ավագյանը (155-րդ դպրոց, 8-րդ դաս.)՝ ստանալով կրկին Kindle Reader: Եվս 40 աշակերտներ, որոնց շարադրությունները հայտնվել էին լավագույնների ցուցակում, «Dasaran.am» կրթական ծրագրի գլխավոր աջակից «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կողմից արժանացան խրախուսական մրցանակների:
«Կարող եմ վստահ հայտարարել, որ մրցույթը կայացավ, քանի որ աշակերտների մասնակցությունը բավական ակտիվ էր: Ուրախ եմ, որ շարունակական բնույթ կրող այս մրցույթը կարողացավ ևս մեկ անգամ ոգևորել մեր դպրոցականներին»,- շնորհավորելով հաղթողներին՝ ամփոփեց «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը