Առողջապահության նախարարությունը դասընթաց է անցկացրել լրագրողների համար
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում ծրագրի աջակցությամբ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Ծաղկաձորում կազմակերպվել է վերարտադրողական առողջության պահպանման հարցերին նվիրված դասընթաց: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում:
Դասընթացին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշանիկ Հունանյանը, Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում ծրագրի փոխտնօրեն Գայանե Ղարագեբակյանը:
Բանախոսները լրագրողներին են ներկայացրել Ժողովրդագրության և առողջապահության հարցերի 2010թ. հետազոտության արդյունքները, դեռահասների վերարտադրողական առողջության հիմնահարցերը, սեռավարակների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման, առողջ հղիության և մայրության, կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման հարցերը:
Մասնագետները միաբերան շեշտել են, որ վերարտադրողական առողջության պահպանման համար նախ և առաջ անհրաժեշտ է կանոնավոր հետազոտություններ անցնել, անցանկալի հղիությունից, սեռավարակներից խուսափելու համար օգտագործել պահպանակ, հղիության շրջանում զերծ մնալ ալկոհոլից, ծխախոտից և մի շարք վատ սովորություններից, հետևել սննդակարգին և այլն:
Այս առումով կարևորվել է լրատվամիջոցների դերը և լրագրողների պատրաստվածությունը բարձրացված հարցերը ճիշտ լուսաբանելու և հանրությանը ներկայացնելու տեսանկյունից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը