Միթ Ռոմնիին իր աջակցությունն է հայտնել Արիզոնայի նահանգապետը
ԱՄՆ
Արիզոնայի նահանգապետ Ջեն Բրյուերն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ–ի նախագահի հանրապետական թեկնածու՝ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին։ Բրյուերն իր այդ որոշման մասին հայտարարել է MSNBC-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ իր այդ որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել Ռոմնիի նախընտրական ծրագրում տեղ գտած տնտեսական զարգացման ծրագիրը։ Նա նաև ընդգծել է, որ Ռոմնին առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսն ունի։ Արիզոնայի նահանգապետն իր վստահությունն է հայտնել, որ փետրվարի 28–ին Միչիգանում տեղի ունենալիք փրայմերիզում հաղթելու է իր նախընտրած թեկնածուն։
Ավելի վաղ Ռոմնիի թեկնածությունն աջակցելու վերաբերյալ հայտարարել էին մի շարք հանրապետական քաղաքական գործիչներ, այդ թվում հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, որը 2008–ի նախագահական ընտրություններում Օբամայի հիմնական մրցակիցն էր։
Փորձագետները ոչ միանշանակորեն են գնահատում Բրյուերի որոշումը, քանի որ նա համարվում է ապօրինի ներգաղթյալների դեմ անողոքաբար պայքարող պաշտոնյա։ Մի կողմից այդ աջակցությունը Ռոմնիին կօգնի ավելի շատ ձայներ հավաքել պահպանողական հանրապետականների շրջանում, սակայն մյուս կողմից նա կարող է կորցնել լատինաամերիկյան երկրներից ներգաղթյալների աջակցությունը, որոնցից շատերն ապրում են այդ նահանգում, հաղորդում է Lenta.ru–ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)