Հայկական սեյսմիկ կայաններ` ճապոնացիների աջակցությամբ
Հասարակություն
Փետրվարի 28-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ Երևան քաղաքում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր սերնդի համակարգի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և JICA-ի հետազոտական խմբի ղեկավարի տեղակալ Քենջի Յանոն: Այս մասին ասված է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ճապոնիայի կառավարության տեխնիկական համագործակցության շրջանակներում, Ճապոնիայի միջազգային համագոործակցության գործակալության (JICA) կողմից «Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման ծրագրով» նախատեսվել էր ներդնել հինգ նոր սեյսմիկ կայաններից բաղկացած նոր համակարգը, որը հագեցած կլիներ ժամանակակից թվային ինժեներային սեյսմոգրաֆներով:
Այդ սարքավորումները ճապոնական կողմն անհատույց փոխանցեց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությանը:
Ստեղծված համակարգը հնարավորություն կընձեռի սեյսմոգրաֆների գրանցումների օգնությամբ անմիջապես որոշել (իրական ժամանակում) երկրաշարժի հիմնական պարամետրերը: Հինգ սեյսմիկ կայաններից ստացված տեղեկատվությունը կհաղորդվի ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրված համակարգի սերվերին, իսկ սերվերի ժամանակակից ծրագրային ապահովման փաթեթների օգնությամբ ավտոմատ շուրջօրյա կարտապատկերվի մոնիտորի վրա:
Նորաստեղծ համակարգի սեյսմիկ կայանները տեղադրվել են Դավիթաշեն թաղամասում' ՀՀ ԱԻՆ տարածքում, Ավան թաղամասում'Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմաանալիտիկ լաբորատորիայի կենտրոնի տարածքում, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության «Փարաքար» կայանի տարածքում, Երևանի պետական համալսարանի տարածքում և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում:
Շնորհանդեսի ժամանակ փորձարկվեց նոր համակարգի աշխատանքը: Հինգ կայաններում գրանցվեցին տեխնիկական ցնցումների ուժգնությունը և 3-ից 5 րոպեների ընթացքում տվյալները փոխանցվեցին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն:
Համակարգի միջոցով գրանցվելու են այն երկրաշարժերը, որոնք Երևան քաղաքում կառաջացնեն 3 բալ և ավելի ցնցումներ:
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ հետագայում նման կայաններ տեղադրվելու են հանրապետության բոլոր մարզերում:
Երկրաշարժի ինտենսիվության բաշխման մասին արագ ստացվող տեղեկատվությունը կբարձրացնի տեղեկացվածության աստիճանը, ինչը հնարավորություն կտա օպերատիվ գործողություններ ձեռնարկել արտակարգ իրավիճակներում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը