Հերթական «բաց դասը»
Հասարակություն
Փետրվարի 28-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Երեւանի պետական ագրարային համալսարանի գյուղատնտեսական պետական քոլեջի սաները: Աժ քառօրյա նիստին հետեւելուց հետո քոլեջի ուսանողները հանդիպեցին խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ՝ աշխույժ հարցադրումներով անդրադառնալով հետաքրքրությունների ընդգրկուն շրջանակի: Առաջին հարցից պարզ դարձավ, որ երիտասարդները տպավորվել են խորհրդարանական աշխատանքից. «Ի՞նչ նախապայմաններ են հարկավոր պատգամավոր դառնալու համար» հարցին ի պատասախան՝ Աժ փոխնախագահը ներկայացրեց օրենսդրորեն սահմանված հիմնական չափանիշները, ինչպես նաեւ այն երկու ընտրակարգերը, որոնք գործում են Հայաստանում եւ իրենց հարաբերակցությամբ այսօր լավագույնն են ապահովում կուսակցությունների ու առանձին տարածքների ներկայացվածությունն օրենսդիր մարմնում: Այդուհանդերձ, պրն Շարմազանովն առավել կարեւոր համարեց ոչ թե ընտրակարգի ընտրության հարցը, այլ ազատ եւ արդար ընտրության ապահովումը:
Հարցասեր երիտասարդներին հետաքրքիր էր Աժ փոխնախագահի տեսակետը տարբեր խնդիրների մասին՝ ավագ դպրոցի ներդրման արդյունավետությունից մինչեւ Եվրատեսիլում հայ երգչի մասնակցությունը: Քոլեջի ուսանողը հետաքրքրվեց ավագ դպրոցում բարձր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում առանց քննության բուհ տեղափոխվելու հնարավարության մասին: Աժ փոխնախագահի կարծիքով՝ կրթությունը նուրբ ոլորտ է եւ չի հանդուրժում հեղափոխական փոփոխություններ: Ասելով, որ այստեղ հարկավոր է առավելապես մասնագիտական եւ ոչ թե քաղաքական մոտեցում՝ պրն Շարմազանովը խոստացավ հարցը փոխանցել խորհրդարանի կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովին: Աժ փոխնախագահի համոզմամբ՝ պետք է առավել դյուրացնել բուհ ընդունվելու եւ փոխարենը դժվարացնել սովորել-ավարտելու գործընթացը, ինչպես ընդունված է աշխարհի շատ երկրներում: Բուհն ավարտելուց հետո մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնելու վերաբերյալ պրն Շարմազանովն ասաց, որ պետք է ձերբազատվել պլանային տնտեսության մտածողությունից եւ հասկանալ, որ մրցակցությունն է հիմնական շարժիչը շուկայական հարաբերություններում, այդ թվում՝ կրթական համակարգում:
Բանախոսն անդրադարձավ նաեւ հայկական բանակի մարտունակությանը, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, կրոնական ազատությանը վերաբերող հարցերին: Բանակում արձանագրված միջադեպերի առնչությամբ նա նշեց, որ դեպքերը նվազել են, փոխարենը դրանք թափանցիկ են դարձել եւ այսօր չեն կոծկվում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը