«Եղնիկների» զորամասում երեկ սպանված զինծառայողի դին տեղափոխվել է Երևան
Հասարակություն
Երեկ՝ փետրվարի 29-ին, ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում, Ղարաբաղի պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասի դիտակետում սպանված ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վանոյի Վարյանի քույրը՝ Թամարա Գզիրյանը Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեց, որ բարեկամի մասին լուրն իմացել է էլեկտրոնային լրատվամիջոցների միջոցով: Ավելի ուշ Աբովյանի ռազմական ոստիկանությունից իրենց հայտնել են, որ զինծառայողն իրեն ամրակցված զենքից ինքն իրեն է կրակել, սակայն «դրան ոչ ոք չի հավատում»։ Այս պահին զինվորի դին տեղափոխվել է Երևանի դիահերձարաններից մեկը, և զինվորի հարազատները դիմել են «հելսինկյան ասոցիացիային, գալու են նկարահանեն, որպեսզի հետո չփորձեն դեպքը լղոզեl»։
Թամարան ասում է, որ իրենց այլ տեղեկություններ չեն տրամադրել։ Իրենք փորձել են պարզել, թե «ով է լինելու նախարարության ներկայացուցիչը ու կոնկրետ թղթեր էինք պահանջում, բայց մեզ այդ հարցերի պատասխանը չտվեցին, ասացին՝ չգիտենք»։
Հարազատները վերջին անգամ զինվորի հետ կապվել են երեք օր առաջ, «երբ նա դեռ զորամասից հենակետ չէր բարձրացել»։ Տիգրանը, Թամարայի խոսքերով, ոչ մի խնդրի, պրոբլեմի մասին չի խոսել։ Հատկանշական է, որ թեև զինծառայողն արդեն մեկ տարի է՝ ինչ գտնվել է բանակում, սակայն նրան որևէ անգամ արձակուրդ չի տրամադրվել։
Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայքում զետեղվել էր հաղորդագրություն, որ «Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում սպանվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վանոյի Վարյանը»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը