Մաշտոցի պուրակի քավարանը
Հասարակություն
Մաշտոցի պուրակը սկսել է նորովի ու խորացված կերպով ի ցույց դնել մեր երկրի հասարակական-քաղաքական, մինչ այժմ չերևացող ծալքերը: Այս պուրակի շուրջ ծավալվում են հետաքրքիր, բայց ինչ-որ առումով կիսատ-պռատ քննարկումներ: Բնապահպանների պահանջը մեկն է ու արդարացի, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, սակայն արդյո՞ք Մաշտոցի պուրակ այցելող մարդիկ նույն՝ բնապահպանական նպատակն են հետապնդում։
Կարծում եմ՝ այս հարցը հատուկ քննարկման է արժանի: Մաշտոցի պուրակը հնարավորություն է տալիս ճոռոմ, բայց անվտանգ մի քանի բառ ասելով (հայրենասիրություն, ազգ, բնապահպանական աղետ, թթվածին...) հասարակական աջակցության միավորներ ստանալ այն մարդկանց, որոնք տարիներ ի վեր նման խնդիր ունեն: Որպես օրինակ նշենք Շուշան Պետրոսյանին. երգչուհին, մեղմ ասած, խնդիրներ ուներ վերականգնելու իր լսարանը, որի մի մասը հիասթափվեց 2008 թվականի հայտնի դեպքերից հետո: Միգուցե Շուշան Պետրոսյանի բնապահպանական մտահոգությունն անկեղծ է, սակայն հասարակական ճանաչում ունեցողների մտահոգությունները տարօրինակ զուգադիպությամբ առաջանում են միայն այն ժամանակ, երբ պաշտպանության կարիք ունի ոչ թե մարդը կամ քաղաքացին՝ այլ ծառը:
Անշուշտ անհասցե քննադատությունների ռեկորդն իրավմամբ պատկանում է Գևորգ Ալթունյանին, որը կարողանում է ժամերով վրդովված դեմքով խոսել ոչնչից և եթերից համարձակորեն, անխնա քննադատել նախագահին (առ այսօր միայն Ադրբեջանի ու ԱՄՆ):
Ինչևէ, Մաշտոցի պուրակը սպառնում է դառնալ այն քավարանը, որտեղով կարող են անցնել նույնիսկ ամենամեծ մեղքերով և դուրս գալ մաքրված ու հասարակական աջակցությամբ: Ավելի առարկայական արտահայտվելու դեպքում՝ եթե պուրակի հարցը մի քիչ էլ ձգվի, չի բացառվում, որ այս բնապահպանական բողոքին միանան Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Նիկոյանը, Յուրի Խաչատուրովը, Հովիկ Աբրահամյանը, Սամվել Ալեքսանյանը, Սյունիքի մարզպետը և բնապահպանական խնդիրներով մտահոգ այլ քաղաքացիներ:
Ի դեպ, կցանկանայի հիշեցնել, որ բացի դժոխքի ու դրախտի գոյությունից, քավարանի գոյության մասին նշվում է միայն կաթոլիկ եկեղեցում: Քավարանը կաթոլիկ եկեղեցու հիմնական երեք տարբերություններից մեկն է ուղղափառ եկեղեցական ուղղությունից: Հենց քավարանի գոյության արձանագրումը հնարավորություն ընձեռեց կաթոլիկ եկեղեցու ղեկավարությանն աստղաբաշխական հարստություն վաստակել միայն ինդուլգենցիաների վաճառքի միջոցով և ձեռնարկել խաչակրաց արշավանքները:
Գևորգ Մամիկոնյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը