ԱՄՆ պետդեպը խուսափո՞ւմ է Պուտինին շնորհավորելուց
Աշխարհ
ԱՄՆ պետդեպը շնորհավորել է Ռուսաստանի քաղաքացիներին՝ նոր նախագահի ընտրության կապակցությամբ: Հատուկ հայտարարությամբ հանդես է եկել գերատեսչության մամլո խոսնակ Վիկտորիա Նուլանդը:
«Միացյալ Նահանգները շնորհավորում է ռուսաստանյան ժողովրդին՝ ընտրությունների ավարտի կապակցությամբ և պատրաստ է աշխատել ընտրված նախագահի հետ այն բանից հետո, երբ բոլոր արդյունքները կստուգվեն և նա երդում կընդունի»,-ասել է Նուլանդը:
Նուլանդը նաև ասել է, որ դրական է գնահատում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցները և ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի առաքելության ղեկավարն ընտրություններն անվանել է «մաքուր հաղթանակ» և «մեծամասնության ընտրություն», հաղորդում է BBC-ն:
Դրան զուգահեռ՝ Նուլանդը հիշեցրել է, որ դիտորդները մի շարք խախտումներ են արձանագրել, այդ թվում՝ զանգվածային և կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին մանրակրկիտ քննել այդ դեպքերը:
Այնուամենայնիվ, հատկանշական է, որ ԱՄՆ պետդեպն իր շնորհավորական ուղերձը հղել է ոչ թե նախագահ ընտրված Վլադիմիր Պուտինին, այլ՝ ռուսաստանյան ժողովրդին, այն էլ՝ «ընտրությունների ավարտի կապակցությամբ», իսկ խոսելով ընտրությունների արդյունքների մասին՝ հղում է արել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցներին: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ն (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) եվրոպական կառույց է և դրա դիտորդական առաքելության կազմում ԱՄՆ-ի ներկայացուցիչներ ընդգրկված չեն:
Հատկանշական է, որ շնորհավորական ուղերձը ներկայացրել է ոչ թե ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն, այլ Պետդեպի մամլո խոսնակը: Բացի այդ, շնորհավորանքում նորընտիր նախագահի հետ աշխատելու պատրաստակամությունը պայմանավորվել է « բոլոր արդյունքների ստուգմամբ»: Հավանաբար, Պետդեպում ի նկատի են ունեցել ընտրախախտումների մասին բողոքների ու հայտարարությունների ուսումնասիրումը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ