Այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է
Հասարակություն
Հանճարեղ գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ և բանաստեղծ Միքելանջելո Բուոնարոտին (ամբողջական անունը' Միքելանջելո դի Լոդովիկո դի Լիոնարդո դի Բուոնարոտո Սիմոնի) ծնվել է 1475-ի մարտի 6-ին Արեցոյի մոտ գտնվող Կապրեզե քաղաքում: Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից:
Մոտ 1485-1498 -ին Միքելանջելոն հաճախել է Ֆրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիա:
1488-ին Միքելանջելոն գնում է հայտնի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի արվեստանոց: Այնտեղ նա սովորում է մեկ տարի: Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի կողմից: Մեդիչին բացահայտում է, Միքելանջելոյի տաղանդը, և սկսում հովանավորել նրան: Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում:Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուխքի մոտ» ստեղծագործությունը: 1492 թվականին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի բնակավայր: 1494-1495-ին Միքելանջելոն ապրում է Բոլոնիայում և ստեղծում է սբ. Դոմինիկի կամարի համար քանդակներ: 1495-ին նա նորից մեկնում է Ֆլորենսիա, որտեղ կառավարում էր քարոզիչ Ջիրոլամո Սավոնառոլլան և այստեղ կերտում է «Սբ. Օհաննես» և «Քնած կուպիդոն» քանդակները: 1496-ին կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնին» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ'աշխատելու: 1496 - 1501 թվականները Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Վակհան»: 1501 թվականին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենսիա և այստեղ ստեղծում է իր «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկամիկիի զոհասեղանի» համար: 1503-ին պատվերով ստեղծվում է «տասներկու առաքյալները»: 1503-05-ին կերտում է «Մադոննա Դոնի», «Բրյուգերյան Մադոննա» և այլ ստեղծագործությունները: 1505-ին նկարիչը մեկնում է Հռոմ և Յուլի Բ-ի պատվերոմ սկսում է նրա դամբարանի կառուցումը: Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Կապված ստրուկ», «Մեռած ստրուկ» և «Լիա» քանդակները:
Միքելանջելոն մահացել է 1564 թվականի փետրվարի 18-ին և թաղված է Սանտա-Կռոչե եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում: Մահից առաջ նա թելադրել է իր կտակը իրեն բնորոշ քչախոսությամբ. «Ես հանձնում եմ հոգիս Աստծուն, մարմինս հողին, ունեցվածքս բարեկամներիս»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը