Քաղաքացիական նախաձեռնությունները սնվում են մեկը մյուսով. Գարեգին Չուգասզյան
Հասարակություն
Քաղաքացիական նախաձեռնությունների նկատմամբ հասարակության ուշադրությունը պայմանավորված է քաղաքացու ուշադրությամբ՝ տվյալ ժամանակահատվածում առավել արդիական և խնդրահարույց հարցին։ Նման կարծիք է հայտնել «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Գարեգին Չուգասզյանը՝ անդրադառնալով օգտատերերի շրջանում Լուրեր.com–ի անցկացրած «Ո՞ր քաղաքացիական նախաձեռնությունն է արդյունավետ գործում» թեմայով հարցման արդյունքներին, ըստ որի՝ 1120 հարցվածներից միայն 30-նն է վերոհիշյալ նախաձեռնության գործունեությունն արդյունավետ համարում։
«Մեր առջև դրված գերակա խնդրի շուրջ խմբի ներսում անընդհատ քննարկումներ են տարվում, նպատակի իրականացման համար նախաձեռնության պայքարը չի ավարտվել»,- նշեց Գարեգին Չուգասզյանը, ապա նաև հավելեց, որ քաղաքացիական նախաձեռնություններն այսօր սնվում են մեկը մյուսով։
«Այսօր Մաշտոցի պուրակում քննարկվելու են մայրենի լեզվի պահպանմանն առնչվող հարցեր, քաղաքացիական ամբիոնից հնչելու են կոչեր. ստացվում է, որ մի նախաձեռնությունը սնում է մյուսին»,- ընդգծեց Լուրեր.com-ի զրուցակիցը։
Անդրադառնալով «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության առաջիկա ծրագրերին՝ Գարեգին Չուգասզյանը հայտնել է, որ խմբի անդամները նախապատրաստվում են առաջիկայում անցկացնել համաժողով, որի շրջանակներում կքննարկվեն նախաձեռնության որդեգրած ռազմավարության, նոր ծրագրերի վերաբերյալ հարցեր։ Նրա փաստմամբ՝ նախաձեռնության կողմից հատուկ տեքստ է ներկայացվել ՀՀ կուսակցություններին, որպեսզի վերջիններս արտահայտեն իրենց վերաբերմունքը Հայաստանում լեզվակրթական քաղաքականության վերաբերյալ։
«Սա կուսակցությունների համար նախընտրական շրջանում առիթ կհանդիսանա՝ արտահայտելու սեփական մոտեցումը քննարկվող խնդրի շուրջ»,- նշել է Գարեգին Չուգասզյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը