Մեկնարկեց «Աջակցություն ընտանիքներին» ծրագրի երկրորդ փուլը
Հասարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ սկսեց իրականացնել «Աջակցություն ընտանիքներին» ծրագրի երկրորդ փուլը:
Ծրագրի նպատակն է ամրապնդել Եկեղեցի-դպրոց-ընտանիք կապը, նպաստել հոգևոր, ազգային, բարոյական արժեքների պահպանմանը:
Ծրագրի առաջին փուլն անցկացվել էր 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար ՀՀ տարբեր մարզերի շուրջ 100 դպրոցներում կազմակերպվել էին համայնքների հոգևոր հովիվների հանդիպումներ ծնողների հետ: Պարբերական հանդիպումների ընթացքում հոգևոր հայրերը վերլուծել են ընտանեկան տարաբնույթ հիմնախնդիրներ Հայոց Եկեղեցու արժեհամակարգի համատեքստում, ինչպես նաև քննարկել ընտանեկան բռնություններին վերաբերող խնդիրներ, պատասխանել ծնողներին հուզող հարցերին: Որպես օժանդակ նյութ՝ դպրոցներին և ծնողներին տրամադրվել էր «Քրիստոնեական ժամանակակից ընտանիքն իբրև հասարակության հենք» գրքույկը:
Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում մարտի 5-7-ը Ծաղկաձորում անցկացվեց ծրագրին մասնակից եկեղեցականների համաժողով «Բռնությունների հոգեբանական ասպեկտները» թեմայով, որին ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի երեսունհինգ քահանա հայրեր:
Համաժողովին իրենց մասնակցությունն ու օրհնությունները բերեցին Կոտայքի և Գեղարքունյաց թեմերի առաջնորդներ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը և Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, մասնակիցներին ողջունեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը և ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնդրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը:
Համաժողովին բանախոսություններով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության բռնության զոհերի պաշտպանության ազգային հիմնադրամի ավագ խորհրդական Սերգեյ Բորզովը, ով վերլուծեց ընտանեկան հիմնախնդիրների հոգեբանական հիմքերը և ընդգծեց համայնքի հոգևոր հովվի դերակատարության կարևորությունն ընտանեկան, միջանձնային և երեխաների դաստիարակության վերաբերվող տարաբնույթ խնդիրների լուծման ընթացքում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը