Ուկրաինացիները կմասնակցեն մրցավազքի՝ ուսերին կրելով իրենց կանանց
Հասարակություն
Ուկրաինայի Բուկովելի առողջարանային քաղաքում կկայանա կանանց ուսերի վրա տեղափոխելու առաջին ազգային առաջնությունը։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։ Մրցավազքը նվիրված է Կանանց միջազգային տոնին և կանցկացվի հենց մարտի 8-ին։
Մրցաշարի պայմանների համաձայն՝ տղամարդը, իր կնոջը կամ զուգընկերուհուն ուսերին կրելով, պետք է վազի 250 մետր։ Այս ճանապարհին տղամարդը ստիպված կլինի հաղթահարել որոշ խոչընդոտներ՝ թմբեր, սառույց, կրակ։ Մրցաշարի ընթացքում տղամարդը ոչ միայն պետք է ձգտի հասնել վերջնակետին, այլև ուշադիր լինի, որ զուգընկերուհին վնասվածքներ չստանա։
Մրցույթին կարող են մասնակցել և՛ ամուսնացած, և՛ չամուսնացած զույգեր։ Մրցաշարի մասնակիցները լինելու են լեռնադահուկային սպորտին հատուկ հանդերձանքով, կոշիկներով և սաղավարտով։ Տղամարդկանց զուգընկերուհու քաշը պետք է կազմի նվազագույնը 49 կիլոգրամ, այլապես՝ տղամարդը ստիպված կլինի վերցնել լրացուցիչ բեռ։
Թե ի՞նչ մրցանակի կարժանանա համաուկրաինական մրցույթի հաղթողը՝ պարզ չէ։ Նշենք, որ նմանօրինակ մրցույթ առաջին անգամ պատմության մեջ կազմակերպվել է 1992-ին՝ Ֆինլանդիայում։ Ներկա պահին նման մրցաշարեր կազմակերպվում են նաև եվրոպական մի շարք երկրներում, Ասիայում, Ամերիկայում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը