Կին պատգամավորները՝ Մարտի 8-ի մասին
Հասարակություն
Մարտի 8-ը կանանց արժևորելու համար գեղեցիկ օր է: Լուրեր.com-ը փորձեց ճշտել թե ինչ խորհուրդ են տեսնում այս օրվա մեջ հայ կին պատգամավորները և ինչ նվերներ են սիրում ստանալ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ իր համար Մարտի 8-ի գաղափարախոսությունն այնքան էլ ընդունելի չէ, որքան Ապրիլի 7-ինը. «Ապրիլի 7-ն ինձ համար ավելի ընդունելի է՝ որպես Մայրության ավետման տոն: Այդ գաղափարախոսությունը ինձ համար շատ ընդունելի է, հասկանալի, ոգևորող, տրամադրություն ստեղծող, քան Մարտի 8-ի գաղափարախոսությունը: Հետևաբար ավելի շատ ուրախանում եմ, երբ ինձ Ապրիլի 7–ին են շնորհավորում, քան Մարտի 8-ին»: Ըստ տիկին Բախշյանի՝ Մարտի 8-ի գաղափարախոսությանը մենք ամեն օր ենք անդրադառնում։
«Կանանց իրավունքների մասին ամեն օր ոչ միայն խոսում ենք, այլ նաև ջանք ենք գործադրում, փորձում ենք իրավունքներ իրացնել»,-ասաց նա:
Խոսելով նվերների մասին՝ պատգամավորը նշեց, որ նվերներ կտա Ապրիլի 7-ին, իսկ այսօրվա համար ավելացրեց. «Բոլորն էլ գիտեն, որ սա ինձ համար այն տոնը չէ, որ ես նվերների արժանացնեմ։ Ապրիլի 7-ին անպայման կպատրաստեմ նվերներ»:
Շնորհավորելով այն կանանց, որոնք այս օրն իրենց տոնն են համարում՝ տիկին Բախշյանը նրանց մաղթեց «ավելի արժանապատիվ կյանք, արդար և ազնիվ իշխանություն»:
Իսկ ահա ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նվերներ ստանալ շատ է սիրում, բայց նվերներ տալ ևս սիրում է.«Ես շատ եմ սիրում նվերներ տալ: Ես շատ բծախնդիր եմ նվերների հարցում, աշխատում եմ մարդկանց նվիրել այնպիսի բան, որը կցանկանայի, որ ինձ նվիրեին»: Պատգամավորը խոսեց նաև իր ամենահիշարժան նվերի մասին. «Մարտի 8-ի ամենագեղեցիկ նվերն, իհարկե, ծաղիկն է, բայց ինձ համար ամենահիշարժան նվերը ոչ թե մարտի 8-ի հետ է կապված, այլ պարզապես օրը զուգադիպել է: Այդ օրը մարտի 8-ն էր: Իմ շատ սիրելի գրող Հրանտ Մաթևոսյանն ինձ նվիրեց իր խմբագրած՝ Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուն՝ ինձ համար շատ թանկ մակագրությամբ՝ «Քաջ և համարձակ աղջկան»: Դա ես համարում եմ իմ կյանքի լավագույն նվերը՝ ինձ համար շատ թանկ մակագրությամբ, որը ես ստացա տարիներ առաջ՝ Մարտի 8-ին»: Նաիրա Զոհրաբյանն էլ Մարտի 8-ի մեջ խորհուրդ չի տեսնում, և իր համար կանանց տոներն ու այս միամսյակը հատուկ սիրելի չեն:
«Մարտի 8-ը ոչ մի խորհուրդ չունի: Կանանց այդ տոները, միամսյակը ինձ համար հատուկ սիրելի չեն: Ես տոներից սիրում եմ միայն Նոր Տարին: Իսկ այդ միամսյակը՝ երբ պետք է հատուկ ընդգծված նշեն, և հիշեն կնոջը, ես չեմ հասկանում: Եվ կարծում եմ, որ կնոջը պետք է սիրել, գնահատել ոչ թե տոնացույցով սահմանված միամսյակում, այլ՝ միշտ»: Շնորհավորելով բոլոր հայ կանանց Մարտի 8-ը՝ Նաիրա Զոհրաբյանը ասաց. «Ցանկանում եմ, որ հայ կինը իմանա իր արժեքը, իմանա, որ իրապես շատ գեղեցիկ է, ինտելեկտուալ է, խելացի, խոհեմ: Դրանք հատկանիշներ են, որ բնորոշ են հայ կնոջը: Եվ եթե դու ուզում ես քեզ հարգեն, դու պետք է իմանաս քո արժեքը , ինքդ պիտի գնահատես քեզ: Հայ կինը պետք է իմանա իր արժեքը, ինքը շատ բարձր է: Ես աշխատանքի բերումով շատ եմ լինում արտերկրում, բայց կարող եմ ասել, որ հայ կինն արժանի է հատուկ ուշադրության, հատուկ մեծարանքի: Եվ ես ցանկանում եմ, որ հայ կինն իր արժեքը իմանա, իսկ այդ արժեքը շատ բարձր է:
Ի տարբերություն Նաիրա Զոհրաբյանի և Անահիտ Բախշյանի, ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը դրական խոսեց Մարտի 8-ի մասին. «Շատ լավ տոն է, առանձնահատուկ վերաբերմունք է կնոջ նկատմամբ»:
«Ես պետք է ասեմ, որ նվեր ստանալը հարաբերական է։ Կարևորն այն է, թե ով է նվիրում և ինչպես է գնահատում նա քո ճաշակն ու ներաշխարհը: Ես չեմ կարևորում նվերը, բայց ծաղիկներն անքննելի նվեր են»,- խոսելով սիրելի նվերների մասին՝ ասաց պատգամավորը, և վերջում, շնորհավորելով կանանց, հավելեց. «Ես բոլորին ցանկանում եմ առողջություն, համբերություն, սկզբունքայնություն: Եվ քանի որ մեր կյանքում ամեն ինչ պայքար է, ես ցանկանում եմ, որ այդ պայքարում բոլորը լինեն սկզբունքային և հասնեն իրենց նպատակներին»:
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը