Այսօր Յուրի Գագարինի ծննդյան օրն է
Հասարակություն
1934 մարտի 9-ին ծնվել է ռուս տիեզերագնաց-օդաչու , գնդապետ, Խորհրդային Միության հերոս Յուրի Ալեքսեյի Գագարինը:
Ծնվել է գյուղացու ընտանիքում Կլեշինո գյուղի Սմոլենսկ մարզի Գժատսկի շրջանում։ 1951-ին գերազանց ավարտել արհեստավորների ուսումնարանը և Աշխատավոր երիտասարդների դպրոցը, 1955-ին Սարատովի ինդուստրիալ տեխնիկումը։ Այս տեխնիկումում սովորելիս արել է առաջին քայլերն ավիացիայում։ 1957-ին ավարտել է Վալերի Չկալովի անվան օդաչուների 1 ռազմաավիացիոն ուսումնարանը և ծառայել է Կարմիր դրոշի շքանշանակիր հարավային տորմիղի ոչնչացնող ավիացիայի բաժանմունքում։ 1960-ին Գագարինը, որպես ամենատաղանդավոր և արի ոչնչացնող օդաչուներից մեկը, ընդունվել է տիեզերագնացների խումբ։ 1968-ին գերազանց ավարտել Մոսկվայի Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։
Գագարինն աշխարհում առաջինն էր, ով 1961-ի ապրիլի 12-ին թռավ երկրագնդին մոտ տիեզերային տարածություն «Վոստոկ-1» տիեզերանավ-արբանյակով և 1 ժամ 48 րոպե պտտվեց երկրագնդի շուրջը։
Այն ժամանակ եղած տեխնիկական հնարավորությունները թույլ չէին տալիս տիեզերանավին վայրէջք կատարել երկրի վրա և այդ պատճառով Գագարինը 7 կիլոմետր բարձրության վրա կատապուլտով անջատվել է տիեզերանավից և իջել գետնին։
Այս փաստը երկար ժամանակ թաքցրել են համաշխարհային հասարակությունից։ Թռիչքի հաջող ավարտից հետո Գագարինը կատարելագործել է իր ունակությունները, սովորել և մարզել է տիեզերագնացներին, ղեկավարել է տիեզերանավերի թռիչքները,դրա հետ մեկտեղ կատարել է մեծ հասարական-քաղաքական աշխատանք։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի VI և VII գումարումների պատգամավոր էր, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ։ 1966-ից աստղագնացության և տիեզերային տարածության ուսումնասիրության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ էր։ Պարգևատրվել է Լենինի և բազմաթիվ այլ երկրների բարձրագույն շքանշաններով։
Զոհվել է Վլադիմիրի մարզի Նովոսելովո գյուղի մոտ՝ 1968-ի մարտի 27-ին ուսումնական թռիչքի ժամանակ։ Մահվան վերաբերյալ գոյություն ունեն մի քանի չփաստարկված տեսակետներ։ Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում։ Նրա հիշատակն անմահացնելու համար Սմոլենսկի մարզի Գժատսկը քաղաքը վերանվանվել է Գագարին, իսկ նույն մարզի Գժատսկի շրջանը՝ Գագարինի շրջան։
1968-ին Ավիացիայի միջազգային ֆեդերացիան (ՖԱԻ) հիմնեց Յուրի Գագարինի անվան ոսկե մեդալ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը