Երջանկության մեխանիկան
Հասարակություն
Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչ է երջանկությունը: Ըստ նրանց՝ իրենց երջանիկ են համարում մարդիկ, որոնք կրթություն են ստացել, ունեն ամուր ընտանիք և լավ սոցիալական պայմաններ: Երջանկության զգացողություն է տալիս նաև առողջ կյանքի ռիթմը, վատ սովորությունների բացակայությունը՝ ծխելը և ալկոհոլի չարաշահումը: Հարվարդի գիտնականների կարծիքով՝ նորմալ քաշը և ճգնաժամային իրավիճակներին հարմարվելը ևս երջանկության պայմաններից են: Ըստ նրանց՝ երջանկության զգացողություն չեն ապահովում փողը, փառքը, գեղեցկությունը, իրենց երջանիկ են զգում մարդիկ, որոնք իրենց առաջ կարիերայի բարձունքների հասնելու ամբիցիաներ չեն դրել, այլ ունեն ամուր սոցիալական կապեր՝ լավ ընտանիք, վստահելի ընկերներ:
Սակայն վերջերս գիտնականները պարզել են նաև, որ երջանկությունն ու անգամ դրա ձգտումը կարող են վնասել հոգեկան ներաշխարհին, թունավորել կյանքն ու անգամ կրճատել այն: Այս համոզումը պնդում են ԱՄՆ-ի Յելի, Դենվերի և Երուսաղեմի հրեական համալսարանների գիտնականները:
Գիտնականները պարզել են, որ մանուկ հասակում ուրախ և զվարթ ապրած երեխաները միջինն ապրում են ավելի քիչ, քան ավելի տխուր ընկերները: Երջանկության զգացումը խնդիր է, և եթե մարդը երջանիկ է, ստեղծագործ մտածողության նրա ունակությունները նվազում են: Այդ կապակցությամբ գիտնականները խորհուրդ են տալիս քիչ մտածել երջանկության մասին:
Թե ի՞նչ է երջանկությունը և թե որքանո՞վ է հոգեբանորեն այն վնասում մարդուն, Lurer.com-ը փորձեց պարզել հոգեբան Անի Մխիթարյանից:
«Երջանկությունը առողջության նման էշ. երբ չես նկատում նրան, նշանակում է՝ այն կա: Երբ երջանկությունը ներկա է, երբ այն գոյություն ունի մենք այն չենք գնահատում, բայց երբ մենք երջանիկ չենք, մենք գիտակցում ենք այդ: Նշանակում է, որ շատ ուժեղ պայքար է ընթանում օրգանիզմում՝ և՛ ֆիզիոլոգիական, և՛ հոգեբանական»:
Հոգեբանը նշեց, որ հոգեբանական մեծ խնդիր է երջանկության ետևից ընկնելը, նրա մասին մտածելը. «Երջանկությունը մեր օրգանիզմում քիմիական ռեկցիայի արդյունք է, և երբ մենք երջանկության մասին ենք մտածում, մեր օրգանիզմում այլ ռեակցիաներ են տեղի ունենում, որոնք ընդհանրապես կապ չունեն երջանկության հետ: Ես կասեյի, որ հակառակը՝ տխրութունը, դեպրեսիան իրենք են ճանապարհ հարթում երջանիկ լինելու համար»:
Հոգեբանը ևս հաստատեց, որ անհոգ մանկությունից հետո հոգեբանական խնդիրներն ավելի շատ են հանդիպում. «Երբ երջանիկ,. անհոգ մանկություն ես ունենում, երբ ունես երջանկության մոդել՝ ապահով պատեր, խաղալիքներ, ապահով ընտանիք, մեծանալով՝ պահանջներդ շատանում են, առաջանում են խնդիրներ, որոնք քեզ համար անհաջողակ դաշտ են ստեղծում»:
«Անձն ինքն է իր համար ստեղծում երջակության բանաձևը: Ամեն մեկի համար երջանկության բանաձևը տաբեր է: Գուցե երջանկությունը սիրո մեջ է, առողջության, բայց մեզ համար սերը, առողջությունը տարբեր են, այսինքն՝ երջանկությունը մեզ համար կարող է լինել և՛ նույնը, և՛ միաժամանակ շատ տարբեր»,- խոսելով երջանկության բանաձևի մասին՝ ասաց Անի Մխիթարյանը և հավելեց. «երջանկությունը ոչ թե զգացմունք է, այլ՝ զգացում, իսկ բացասական զգացողություններն իրենց մեջ ծնում են երջանկություն և բացառում նույն այդ զգացումը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը