Հայաստանում մեկնարկել է «Գենդերային շաբաթը»
Հասարակություն
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած Գենդերային շաբաթվա փակումը կկայանա Նաիրի կինոթատրոնում՝ մարտի 9-ին՝ ժամը 17:00-ին: Այնտեղ տեղի է ունենալու գենդերային թեմաներին առնչվող՝ Մարիամ Օհանյանի հեղինակային ֆիլմերի ցուցադրություն-քննարկումը: Քննարկմանը մասնակցելու են Գերմանիայի դեսպանության, ԳՄՀԸ ներկայացուցիչները, ֆիլմերի հեղինակը, գենդերային հարցերի փորձագետներ: Քննարկումը վարելու է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Գենդերային շաբաթվա բացումը տեղի է ունեցել Հայաստանի նկարիչների միությունում՝ «Գենդերը և կյանքի մտապատկերները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի մեկնարկով: Միջոցառումը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանի գրասենյակը՝ ամբողջ աշխարհում անցկացվող «Գենդերային շաբաթ» միջոցառման շրջանակում:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթ ունեցան Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, ԳՄՀԸ Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջեյմս Մաքբեթ Ֆորբսը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը: Ներկա էին ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի այլ ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Կանայք կազմում են Հայաստանի բնակչության կեսից ավելին: Նրանք շատ մեծ մարդկային, սոցիալական և տնտեսական կապիտալ են: Նրանք պետք է ընդգրկված լինեն երկրի տնտեսական, և սոցիալական կյանքի զարգացման մեջ: Ճիշտ չի լինի, որ նրանց ներուժը չօգտագործվի», - մասնավորապես նշեց Ջեյմս Մաքբեթը բացման իր ելույթում:
Այդուամենայնիվ, ըստ նրա, չպետք է մոռանալ, որ գենդերային հավասարությունը վերաբերում է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց: Մաքբեթի խոսքով՝ ԳՄՀԸ մեծ ուշադրություն է դարձնում այդ հարցերին, և ցուցահանդեսը մի փորձ է, ներկայացնել, թե որքան կարևոր է համարում կազմակերպությունը գենդերային խնդիրները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ Հայաստանի կառավարության համար գենդերային հարցը շատ արդիական թեմա է:
Հայաստանում առաջին ընթերցմամբ ընդունվել և երկրորդ ընթերցմամբ ամփոփվել է Գենդերային քաղաքականության հայեցակարգը: «Շատ կարևոր է օրենք ունենալ, բայց գենդերային հարցերում հիմնական դերը հասարակական կարծիքն է խաղում: Մեզ համար իրոք կարևոր է, երբ կարողանում ենք հաղթահարել կարծրատիպերը»,- ասաց Բերիկյանը: Նրա խոսքով՝ հույժ կարևոր է հասարակության մեջ սերմանել սեռերի հավասարության, առանց բռնության ընտանիքի և հարաբերությունների գաղափարները: Փոխնախարարը համոզված է, որ կազմակերպված ցուցահանդեսն ուղղված է առաջին հերթին իր նշած նպատակների իրականացմանը:
ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի ուրախությամբ նշեց, որ Հայաստանում գենդերային հավասարության ուղղված բազմաթիվ ծրագրեր կան, որոնց հովանավորում են միջազգային այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ՄԱԶԾ, Եվրախորհուրդը, Նորվեգիայի կառավարությունը: Նա նաև տեղեկացրեց, որ Եվրախորհրդի վերջին զեկույցն արձանագրել է, որ Հայաստանում գենդերային խնդիրների հաղթահարման գործում առաջընթաց կա:
«Կանայք շատ հաճախ Հայաստանում ամուսնանում են մինչև 21 տարեկանը, երեխա ունենում և դառնում են տնային տնտեսուհիներ: Նրանք պետք է խնամեն, մեծացնեն երեխաներին, հոգան տան կարիքները, ամուսնու բարեկեցության, ծնողների բարեկեցության մասին: Դա չեզոքացնում է սեփական կարողությունները և տաղանդը զարգացնելու հնարավորությունները կանանց համար: Ուստի պետք է փոխել ավանդական ընտանեկան կառուցվածքը: Եվ դա է հենց հայրիշխանական գերակայության հաղթահարումը»,- նշեց դեսպանը:
Նա Հայաստանի հասարակության զարգացման համար վնասաբեր է համարում տղամարդկանց՝ արտագնա աշխատանքի մեկնումը: Այդ դեպքում, ըստ դեսպանի ամբողջ բեռը հայրենիքում ընկնում է կանանց վրա՝ չնայած դրամական փոխանցումներից օգտվում են թե պետությունը և թե ընտանիքները: Հանս-Յոխեն Շմիդթը հույս հայտնեց, որ Հայաստանի կանայք, այդուամենայնիվ, այսուհետև ավելի մեծ ուշադրություն կդարձնեն սեփական անձի զարգացմանը:
Դեսպանը հիշեց, որ երբ սկսել է սովորել ռուսերեն, իր առաջին նախադասությունը եղել է «Русские женщины, они являются спиной русской экономики» արտահայտությունը: Դա, ըստ դեսպանի, որոշակի առումով արտացոլում է իրականությունը: Դեսպանը մեծ ուրախություն է հայտնել, որ ԳՄՀԸ իր քայլերով ցանկանում է նպաստել գենդերային հարցերին առնչվող հասարակությունում առկա խնդիրների հաղթահարմանը:
«Ձեր ձեռքը վերցրեք ձեր արժանապատվությունը և կառուցեք ձեր ապագան ինքներդ: Ընտրեք ավելի շատ կին պատգամավորներ, ովքեր կպաշտպանեն ձեր շահերը»,- ներկա կանանց դիմելով՝ եզրափակեց խոսքը ՀՀ-ում ԳԴՀ դեսպանը:
Ցուցադրությունն ուղեկցվեց «Վարդանյան» քառյակի՝ Կոմիտասի և եվրոպացի դասականների ստեղծագործությունների կատարումներով: Մրցույթին մասնակցել են արհեստավարժ և սիրողական լուսանկարիչների աշխատանքները:
Բոլոր մասնակիցները ստացել են վկայագիր, իսկ լավագույն եռյակն արժանացավ մրցանակների:
1. Առաջին տեղ՝ «Ազատում կարծրատիպերից» , հեղինակ՝ Մարիա Սադոյան,
2. Երկրորդ տեղ ՝ «Մենք հավասար ենք», հեղինակ՝ Արմեն Կարապետյան,
3. Երրորդ տեղ՝ «Իսկ ե՞ս», հեղինակ՝ Դավիթ Մակիչյան:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մարտի 9-ը, ժամը 17։00:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը