Այսօր Ուսամա Բեն Լադենի ծննդյան օրն է
Հասարակություն
Ուսամա Բեն Մուհամմեդ բեն Ավադ բեն Լադենը ծնվել է 1957-ի մարտի 10-ին, Էր Ռիադում (Սաուդյան Արաբիա): Նա ընտանիքի 17-րդ երեխան էր` 52-ից: Նրա հայրը խոշոր շինարարական մագնատ էր, ուներ մի քանի կին: Մայրը Բեն Լադենի հոր 10-րդ կինն էր: 80-ականների վերջին Ուսաման հորից' սաուդյան հաջողակ բիզնեսմենից, ժառանգեց 250 մլն դոլար: Բացի հորից ժառանգած փողից, Բեն Լադենը նաև աշխարհի բոլոր մայրցամաքներում մի շարք ֆիրմաների տեր էր դարձել, ներառյալ Սուդանի Gum Arabik Compani Ltd., որն արտադրում է աշխարհի կաուչուկի 80%-ը: Բեն Լադենի միջոցների մեծ մասը Արևմտյան Եվրոպայի բանկերում էին գտնվում' տարբեր անուններով ու զանազան բարեգործական հիմնադրամների քողի ներքո:
1979-ին Ուսամա Բեն Լադենն ավարտել է Ջիդայի Աբդել Ազիզա թագավորի անվան համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 1979-1989 թթ.՝ Աֆղանական պատերազմի ժամանակ կռվել է աֆղանների կողմից` ԽՍՀՄ զորքերի դեմ: 80-ականներին պաղեստինց՝ «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության անդամ Աբդալլա Ազզամի հետ ստեղծել է «Մաքթաբ ալ Խադամաթ» (ծառայությունների վարչություն)՝ աֆղան ընդդիմադիրներին փողով ու զինուժով ապահովելու նպատակով:
Բեն Լադենի հակակառավարական գործունեությունը 1991-ին ստիպել է Սաուդյան իշխանություններին նրան երկրից արտաքսել: Նա տեղափոխվել է Սուդան: 1996-ի օգոստոսի 23-ին Ուսամա Բեն Լադենն առաջին անգամ հայտարարել է, որ յուրաքանչյուր մահմեդականի սրբազան պարտքն է արտասահմանում վերացնել ամերիկյան զինվորներին: 1998-ին երկրորդ հայտարարությունում, Բեն Լադենը հայտարարել է, որ «ամերիկացիների ու նրանց դաշնակիցների՝ թե՛ զինվորականների և թե՛ քաղաքացիական անձանց վերացնելը յուրաքանչյուր մահմեդականի պարտքն է, որն ի վիճակի է այդ իրականացնել ցանկացած երկրում, որտեղ հնարավոր է»:
1996-ին Բեն Լադենը Սուդանից արտաքսվել է՝ հիմնականում տեղի տալով ԱՄՆ-ի հետևողական խնդրանքին ու ՄԱԿ-ի սպառնալիքներին: Մեկ ամիս անց նա հանգրվանել է Աֆղանստանում, ուր և շարունակել է իր ծայրահեղական գործունեությունը:
1998-ի մայիսի 28-ին Բեն Լադենը հայտարարել է «խաչակիրների ու հրեաների դեմ սրբազան պայքարի միջազգային իսլամական ճակատ» ստեղծելու մասին: Այն խմբավորումներ միավորող կազմակերպություն էր, որն արևմտյան ժողովրդավարությունն ու առաջին հերթին ԱՄՆ-ին դիտում էր որպես գլխավոր գաղափարական հակառակորդ: Նրանց գերխնդիրն ԱՄՆ-ին նույնպիսի հարված հասցնելն էր, ինչպիսին ԽՍՀՄ-ին՝ աֆղանական իրադարձությունների ժամանակ: Նրան միացել էին մի քանի իսլամական շարժումներ, այդ թվում՝ «եգիպտական ջիհադը»:
Ավելի հաճախ խոսում են Բեն Լադենի մեկ այլ կազմակերպության՝ «Ալ Կաիդայի» («հիմք») մասին: «Ալ Կաիդան» ստեղծվել է 1988-ին ու հնարավոր է` անվանումն առաջացել է Բեն Լադենի պանդոկներից մեկի անունով, որտեղ գրանցում էին Աֆղանստան ուղարկվող մոջահեդներին: Այդ գրառումներն օգնել են Բեն Լադենին կապ պահպանել ողջ աշխարհի իսլամի մարտիկների հետ:
1970–ական թթ. Բեն Լադենն ամուսնացել է իր հորեղբոր աղջկա հետ, այնուհետ ՝ ևս 3 կնոջ հետ։ Տարբեր տվյալներով՝ աշխարհի թիվ 1 ահաբեկիչը 12–24 երեխա ունի։
Բեն Լադենը կասկածվում էր մի շարք ահաբեկչությունների մեջ:
Բեն Լադենի անունը հայտնի է դարձել Նայրոբիում (Քենիա) և Դար էս Սալամում (Տանզանիա) 1998-ի օգոստոսի 7-ին ամերիկյան դեսպանատների մոտ իրականացրած պայթյուններից հետո: Զոհվել էր 257 մարդ (12-ը՝ ամերիկացի), 5 հազարը վիրավորվել: Ամերիկյան հատուկ ծառայությունները նրան հայտարարեցին «թիվ 1 ահաբեկիչ» ու նրան հայտնաբերելու և բռնելու վերաբերյալ տեղեկություն տրամադրողին խոստացան 5 մլն դոլար գլխագին: Իսկ թե ինչ կատարվեց 2001-ի սեպտեմբերի 11-ին, բոլորը գիտեն: ԱՄՆ-ը շատ երկրների ներկայացրեց մի շարք ապացույցներ այն բանի, որ Բեն Լադենն էր կազմակերպիչը հրեշավոր ակտի, որն իր ծավալներով ու զոհերի թվով նմանը չի ունեցել:
«Թիվ 1 ահաբեկչին» վերացնելու մի շարք փորձեր արվեցին ու, վերջապես ահաբեկիչը սպանվեց 2011-ի մայիսի 1-ին, Իսլամաբադից դուրս գտնվող մի առանձնատանը, ամերիկյան հատուկ ջոկատայինների կազմակերպած օպերացիայի ընթացքում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը