Հեռու չէ այն օրը, երբ քաղաքակիրթ մարդկությունը կսկսի գնահատել այդ ժողովրդի ապրելու ու արարելու կամքը. Հովհաննես Մանուկյան
Բլոգոսֆերա
ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի անկախությունը պատմական ու հերոսական իսկական օրինակ է ազատության ու անկախության ձգտող ու դրանց համար մարտնչող անպարտ ժողովրդի համար: Ազատատենչ արցախցին կարողացավ այդ խառնակ, պատերազմական դժվարին ժամանակներում չկորցնել իր հավատը, ոգին, նա արժևորեց իր պապերից ժառանգած փոքրիկ, բայց թանկ, պատմությամբ ու մշակութապես հարուստ հողակտորը, այն մշակեց հայրենասիրական ոգով և իր հպարտ լեռներում շեփորեց անկախության հաղթական քայլերգը: Նա արյամբ օծեց ու քրտինքով մշակեց իր հողը, կառուցեց ու շենացրեց իր գյուղերն ու քաղաքները: Այսօր, ընդամենը 23 ամյա երիտասարդ հանրապետությունը, զարմացնում է իր ապրելու, պետականության ամրացման, զարգացման, կառավարման գործուն ինստիտուտների, անվտանգության պահպանման բարձր պատրաստվածությամբ: Գտնվելով շրջափակման ու գրեթե ամենօրյա պարտադրված պատերազմական գործողությունների մեջ, իր հարևանությամբ ունենալով 20-րդ դարասկզբին բնորոշ բռնապետական երկիր՝ Արցախը տարածաշրջանում դարձել է ժողովրդավարության առաջամարտիկ՝ կենսունակ հասարակության քաղաքական համակարգով, ամուր քաղաքացիական հասարակությունով և իրավական պետության կառուցվածքով: Հեռու չէ այն օրը, երբ քաղաքակիրթ մարդկությունը կսկսի գնահատել այդ ժողովրդի ապրելու ու արարելու կամքը, վճռականությունը և նրա ինքնորոշվելու բացառիկ ու անօտարելի իրավունքը:
Տոնդ շնորհավոր, ազատ ու անկախ Արցախ աշխարհ»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել