«Հայոց Արծիվներ»-ը Facebook-ի որոշ օգտատերերի «տականք» է անվանում
Հասարակություն
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Լուրեր.com լրատվական կայքի պաշտոնական էլեկտրոնային հասցեին մի «շտապ հաղորդագրություն» է ուղարկել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ խմբագրություն,
Խորին շնորհակալություն Ձեզ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության բացօթյա 2-րդ համագումարը օպերատիվ լուսաբանելու համար, նաև Ձեր կայքում տեղադրված «Հայոց Արծիվների» 2-րդ համագումարին վերաբերվող տեսանյութերի համար:
Միաժամանակ, ցավով և խիստ վրդովված նշում ենք, որ նյութերի վերաբերյալ որոշ տականքների կողմից արվող լկտի մեկնաբանությունները վիրավորում են «Հայոց Արծիվների» և նրա առաջնորդ Խաչիկ Ասրյանի արժանապատվությունը և հայրենանվեր գործունեությունը: Ուստի, խնդրում ենք մաքրել այդ լկտի արտահայտությունները: Կանխավ շնորհակալություն»:
«Հայոց Արծիվներ» կազմակերպության նախագահությանը կայքի խմբագրակազմը հայտնում է, որ Լուրեր.com էլեկտրոնային լրատվական կայքում նյութերի ներքո մեկնաբանությունները հայտնվում են Facebook սոցիալական ցանցի համապատասխան ֆունկցիայի միջոցով, և քանի որ սոցցանցը դուրս է մեր խմբագրակազմի վերահսկողությունից, ուստի նյութերի տակ առկա մեկնաբանությունները տեխնիկապես հնարավոր չէ ջնջել։ Հետևաբար «Հայոց Արծիվներ» կազմակերպության նախագահությանն առաջարկում ենք իրենց նամակը վերահասցեագրել Facebook սոցցանցի տնօրինությանը։ Նաև ցանկանում ենք նշել, որ օգտատերերին «տականք» անվանելով, իսկ նրանց մեկնաբանությունները «լկտի» որակելով Խաչիկ Ասրյանի արժանապատվության համար կռիվ տվող կազմակերպությունը վիրավորում է այլոց, տվյալ պարագայում՝ օգտատերերի արժանապատվությունը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը