Հայ աստղերը՝ պատգամավորության թեկնածու Շուշան Պետրոսյանի մասին
Հասարակություն
Այսօր մամուլում լուրեր էին տարածվել, որ մի քանի երգիչ-երգչուհիներ կանդամագրվեն ՀՀԿ–ին կամ առանց անդամագրվելու կհայտնվեն նախընտրական ցուցակի անցողիկ տեղերում և որ նրանցից առաջինը կլինի երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Վերջինս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել էր այդ լուրը՝ ասելով, որ այսօր պատրաստվում է համապատասխան փաստաթղթեր ներկայացնել կուսակցություն:
Լուրեր.com-ը հայ աստղերից փորձեց պարզել, թե ինչպես են վերաբերում երգչուհու՝ ԱԺ պատգամավոր դառնալու ցանկությանը:
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ Շուշան Պետրոսյանը շոու բիզնեսի այն բացառիկ մարդկանցից է, ում հետ ինքը մտերիմ է և հավելեց. «Առհասարակ, ըստ իս, երգչուհին, արվեստագետը քաղաքականությամբ չպետք է զբաղվի, բայց այստեղ մեծ տարբերություն կա. երգչուհի էլ կա, երգչուհի էլ: Կան երգչուհիներ, որոնք անհատականություն են, իրենք իրենց տեսակով՝ հեղափոխական: Շուշանը այն մարդկանցից է, որ լինելով արվեստում՝ նաև կողմնորոշվում է այլ դաշտերում: Նա այն բազմակողմանի զարգացած մարդկանցից է, որ կարող է այդ դաշտում ինչ-որ բաների հասնել»:
Խոսելով քարոզարշավների ընթացքում համերգային ելույթների մասին՝ երգչուհի Հասմիկ Կարապետյանն ասաց, որ դեռ որոշված ոչինչ չկա, բայց նաև նշեց, որ ինքը միշտ էլ մասնակցել է նախընտրական համերգների, որովհետև չմասնակցելու համար ոչ մի պատճառ չի տեսել:
«Ես երբեք քարոզչությամբ չեմ զբաղվել, ուղղակի երգել եմ ժողովրդի համար: Ու ինչո՞ւ չպիտի երգեմ, եթե այն իմ աշխատանքն է»,- ասաց նա։
Այն հարցին , թե կա արդյոք իր համար տարբերություն, թե որ կուսակցության քարոզարշավի ժամանակ կերգի ժողովրդի համար, երգչուհին ասաց. «Այս կամ այն համերգին մասնակցելը ես որոշում եմ առաջարկի շրջանակներում: Հիմա ես ոչ մի կոնկրետ բան ասել չեմ կարող»։
Երգչուհի Սոֆի Մխեյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չէ Շուշանի որոշման մասին և ավելացրեց, որ եթե անգամ տեղեկություններն իրականությանը համապատասխանում են, այդ Շուշանի որոշումն է:
«Եթե նա որոշել է մտնել քաղաքականություն, այդ իր որոշումն է: Մարդն ունի իր որոշումը: Ես չէ, որ պետք է խոսեմ դրա մասին», -ասաց երգչուհին:
Մեզ հետ զրույցում Սոֆին նշեց նաև, որ ինքն իրեն պատկերացնո՛ւմ է քաղաքականության մեջ և ավելացրեց, որ իրեն մնում է միայն հասկանալ՝ արդյո՞ք ցանկություն ունի մտնել քաղաքական դաշտ:
հարցին, թե սպասե՞նք նրան քաղաքական դաշտում, երգչուհին դժվարացավ պատասխանել. «Քաղաքականությունը այնպիսի բան է, որ դու չգիտես՝ պատրա՞ստ ես մտնել, թե՞ ոչ: Մարդու պատկերացումները կարող են չհամընկնել իրականության հետ: Այնպես որ, ես հստակ ոչինչ ասել չեմ կարող»:
Խոսելով քարոզարշավի ընթացքում համերգով հանդես գալու մասին, երգչուհին ասաց, որ այդ երևույթը, երբ երգիչը քարոզարշավներին համերգով հանդես է գալիս, շատ նորմալ է։ Նա չբացառեց նաև, որ ինքն էլ կարող է համերգներ տալ:
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը