Ներկայիս Թուրքիան ստեղծվել է հունական եւ հայկական պատմական տարածքների հիման վրա. ԱԺ փոխնախագահ
Արտաքին Քաղաքական
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է արել՝ ի պատասխան Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղի այսօր Բաքվում արած հայտարարության: Վերջինս, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, համաձայն որի «Ղարաբաղը եղել է, կա եւ մնում է հայկական հող», ասել է, որ «Ղարաբաղը թուրքական հող է, եւ այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է»: Բոզդաղը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ղարաբաղից»:
Ի պատասխան Բոզդաղի հայտարարութանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.
«Ի գիտություն համառորեն չհասկացող թուրք փոխվարչապետի՝ տեղեկացնեմ, որ ոչ միայն Արցախն է հայկական եւ որեւէ պատմական առնչություն չունի թյուրքական ցեղերի հետ, այլեւ այն պետությունը՝ Թուրքիան, որի քաղաքացին է հանդիսանում թուրք պաշտոնյան: Հիշեցնեմ, որ ներկայիս Թուրքիան ստեղծվել է հունական եւ հայկական պատմական տարածքների հիման վրա՝ ոչնչացնելով բնիկ հայ եւ հույն բնակչությանը:
Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի «օկուպացված» լինելուն, ապա այստեղ անելիք ունեն ադրբեջանցիները եւ թուրքերը»: Պարոն Շարմազանովի խոսքով՝ ադրբեջանցիները պետք է իրենց զորքերը դուրս բերեն օկուպացված Շահումյանից եւ Գետաշենից, իսկ Թուրքիան՝ Հյուսիսային Կիպրոսից»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում