Տարբեր նամակներ եմ ստանում դպրոցներում իրականացվող դրամահավաքների մասին. Զոհրաբ Եգանյան
Բլոգոսֆերա
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժամանակ առ ժամանակ տարբեր նամակներ եմ ստանում դպրոցներում իրականացվող դրամահավաքների մասին, դրանք հիմնականում լինում են անանուն, կամ դիմողը չի ցանկանում, որպեսզի իր անունը հրապարակվի, ինչը խիստ դժվար է դարձնում ենթադրյալ դրամահավաքության դեպքը քննելը: Այս մասով կուզեի, որպեսզի մեկ անգամ ևս հիշենք հետևյալը.
Հանրակրթական ուսումնական հաստատություններում հավաքվում են միայն 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձավճարները, որոնց վճարի չափը հաստատվում է ԿԳ նախարարի հրամանով և, ըստ կարգի, հրամանը պետք է փակցվի դպրոցնում' ծնողների համար տեսանելի տեղում:
Ինչ վերաբերում է տետրերի վաճառքին, ապա ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորվել են կիսամյակային և ստուգողական գրավոր աշխատանքների տետրեր' ուսումնական գործընթացը բարելավելու և ոչ թե դպրոցներում դրանք վաճառելու համար: Տետրեր կարելի է ձեռք բերել միմիայն ծնողների համաձայնությամբ' գրախանութներից:
Դպրոցը բարեկարգելու, վերանորոգելու համար հաճախ զգացվում է համայնքի, ծնողների հոգածության կարիքը, սակայն այս դեպքում ևս այն պետք է կատարվի միմիայն ծնողների նախաձեռնությամբ և համաձայնությամբ: Եթե նունիսկ ծնողական խորհրդով ընդունված և կոնկրետ նպատակի համար գումար է հավաքվում, ապա այն չի կարող լինել պարտադիր, այսինքն աշակերտը (ծնողը) կախված իր ցանկությունից կարող է չմասնակցել ծնողական խորհրդով հաստատված դրամահավաքին»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը