Նոր մանրամասներ ՌՈ բաժնում զինվորի խոշտանգման մասին
Հասարակություն
Քիչ առաջ Լուրեր.com–ին հայտնի դարձավ, որ Քանաքեռի զորամասից ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանությունում դաժան ծեծի ենթարկված զինծառայող Արսեն Գրիգորյանին վերադարձրել են զորամաս։ Ռազմական ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Արմեն Սահակյանը որոշել է արձագանքել մեր հրապարակմանը և շտապ կարգով հրավիրել է խորհրդակցություն, և քանի որ նա 2 օրից մեկնում է հանրապետությունից, պատասխանատուներին հանձնարարել է պարզել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանությունում՝ կայազորի ՌՈ պետ Ռուբեն Ներսիսյանի աշխատասենյակում ծեծի և խոշտանգման միջադեպի հանգամանքները։
Ինչպեսև խոստացել էինք, ներկայացնում ենք միջադեպի որոշ մանրամասներ:
Շուրջ 2 ամիս առաջ տեղի ունեցած մի վիճաբանության առիթով Ռազմական ոստիկանություն էր բերման ենթարկվել 2010-ի մայիսին զորակոչված զինծառայող Արսեն Գրիգորյանը, որին մեղսագրվող արարքը պատճառ է հանդիսացել Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետի սենյակում նրան ծեծի ենթարկելու համար՝ ՌՈ ՕՀ բաժնի չհրամանագրված ղեկավար Որփինյանի և անձամբ պետ Ռուբեն Ներսիսյանի կողմից։ Ծեծը շարունակվել է այնքան ժամանակ, մինչև զինծառայողն սկսել է արյուն փսխել, որից հետո տեղի ունեցածը թաքցնելու նպատակով նրան երկօրյա արձակուրդ են տվել՝ տան պայմաններում բուժվելու համար, ինչպես նաև ծնողներին փորձել են համոզել, որպեսզի բողոքներ չներկայացվեն։ Զինծառայողն այսօր վերադարձել է զորամաս։ Նրա մարմնի վրա առկա են ծեծի և բռնության հետքեր։
Հատկանշական է, որ ապտակի կամ զինծառայողի հետ ոչ պատշաճ վերաբերմունքի համար վերջին շրջանում խիստ պատժվում և նույնիսկ քրեական պատասխանատվության են ենթարկվում սպաներ և զինծառայողներ։ Կպատժվե՞ն այս միջադեպի մեղավորները, թե՞ բարձր պաշտոնը կփրկի նրանց և գործը կկոծկվի, պարզ կլինի մոտ առաջիկայում։
Նշենք նաև, որ թե՛ Որփինյանը, և թե՛ Ներսիսյանը Երևան քաղաքում շրջում են թիկնազորով և մի քանի Jeep մեքենաներից բաղկացած ավտոշարասյունով՝ իրենց կարգավիճակն ընդգծելու նպատակով։
Շարունակելի...


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը