Ծրագիրը շարունակվելու է
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարարությունը 2008 թվականից իրականացնում է «Բժիշկ-մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցում» ծրագիրը:
Ծրագիրն ուղղված է ՀՀ մարզային առողջապահական կազմակերպությունների հրատապ կադրային պահանջը լրացնելուն, ինչպես նաև մայրաքաղաքի առավել փորձված բժիշկների մասնագիտական կարողությունները փոխանցվում են մարզային բժշկական կադրերին:
Անցած 4 տարվա փորձը ցույց է տալիս, որ ծրագիրը կարող է զգալիորեն նպաստել մարզային բժշկական կենտրոնների միջոցով բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակական և քանակական բաղադրիչների բարելավմանը:
2011 թվականի ընթացքում ՀՀ մարզերի բժշկական կազմակերպություններ՝ ՀՀ Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզեր ժամանակավոր ուղեգրվել է 18 բժիշկ-մասնագետ՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժիշկ-ուրոլոգ, վիրաբույժ, շտապ օգնության բժիշկ, բժիշկ-ռեանիմատոլոգ, ներզատաբան մասնագիտությունների գծով:
Ժամանակավոր ուղեգրված բժիշկ-մասնագետների պետական բյուջեով փոխհատուցումը 2011թվականի ընթացքում կազմել է 22496,201հազար դրամ, իսկ բժիշկ-մասնագետների մարզերում աշխատելու ընդհանուր ժամանակահատվածը կազմել է 48 ամիս: Գործուղված բժիշկ-մասնագետները պետական բյուջեից փոխհատուցում ստանալուց բացի վարձատրվել են նաև ուղեգրված բժշկական հաստատություններից՝ համաձայն տվյալ հաստիքի համար հաստատված աշխատանքի փոխհատուցման չափի:
Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը և կարևորելով մարզերի բնակչության բուժսպասարկման մակարդակի շարունակական բարձրացումը՝ առողջապահության նախարարությունը 2012 թվականին շարունակելու է «Բժիշկ-մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցում» ծրագիրը:
Նշենք, որ ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստի ժամանակ վարչապետը դիմել է առողջապահության նախարարին և շեշտել, որ բժիշկ-մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով մարզային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցման ծրագիրը բավական արդյունավետ է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը