Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Եթովպիայի դեսպանը
Արտաքին Քաղաքական
Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելիսին (նստավայրը՝ Մոսկվա): Այդ մասին ասված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում։
Ընդգծելով, որ Եթովպիան Աֆրիկյան մայրցամաքում այն երկրներից է, որի հետ Հայաստանը դարերի խորքից եկող բարեկամություն ունի՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ պատմական հիշողության վրա հիմնված երկու ժողովուրդների հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու լավ հիմքեր ունեն:
Սերժ Սարգսյանը կարևորել է տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և հայ-եթովպիական քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու նպատակով իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ստեղծման ուղղությամբ աշխատանքը:
Երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:
Դեսպան Կասահուն Դենդեր Մելիսի խոսքով, հայերը Եթովպիայում դարեր շարունակ նպաստել են երկրի բարեկեցությանը, գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը, և նրանց նկատմամբ եթովպիացիների վերաբերմունքը շատ ջերմ է: Եթովպիայի կառավարությունը, դեսպանի հավաստմամբ, շահագրգիռ է Հայաստանի Հանրապետության հետ զարգացնել հարաբերությունները:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում