2012 թվականի հունիսի 1-ից անցում կկատարվի կենսաչափական տվյալներով ինքնությունը հաստատող փաստաթղթերի համակարգի
Հասարակություն
Ահաբեկչության դեմ պայքարը տարիներ ի վեր դարձել է գերխնդիր միջազգային հանրության, կազմակերպությունների, զարգացած և զարգացող երկրների համար: Անձանց նույնականացման և պետությունում անցանկալի անձանց մուտքը վերահսկելի դարձնելու նպատակով շարունակաբար մշակվում և գործողության մեջ են դրվում ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ջանքերի շնորհիվ կատարելագործվող մեխանիզմներ:
Վերը նշված հիմնախնդրի լուծմանն է ուղղված նաև Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 2001 թվականի 1373 բանաձևի ընդունումը, համաձայն որի՝ ահաբեկչության դեմ միջազգային պայքարի շրջանակներում պետությունները պետք է ձեռնարկեն արդյունավետ միջոցներ անձը հաստատող փաստաթղթերի և արտասահմանյան անձնագրերի պատրաստման ներպետական մեխանիզմների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունն ուժեղացնելու, անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Նշված մեխանիզմն իր արդյունավետ կիրառման գործառնական նշանակությամբ և կենսաչափական տվյալներով ինքնությունը հաստատող փաստաթղթերի համակարգի ստեղծման ձևաչափով 2001 թվականից ի վեր արմատապես սկիզբ առավ և մեծ թափով զարգացում ապրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպական գրեթե բոլոր երկրներում:
Հայաստանի Հանրապետությունը որպես միջազգային հարաբերության սուբյեկտ, ունենալով նաև ակտիվ սփյուռք, անմասն չմնաց վերը նշված մեխանիզմի ներդրման գործում: Դեռևս 2008 թվականից սկիզբ առած օրենսդրական բազայի ստեղծմամբ զգալի աշխատանքներ տարվեցին համակարգի ներդրման և արդյունավետ կիրառման իրական հնարավորություն ստեղծելու համար: ՀՀ ոստիկանության կողմից մշակվեց և շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը փորձաքննություն է անցել Միգրացիայի միջազգային կազմակերպության փորձագետների կողմից:
Արդեն իսկ 2011 թվականի նոյեմբերի 30-ին ընդունված օրենքով նախատեսվեց 2012 թվականի հունիսի 1-ից անցում կատարել կենսաչափական տվյալներով ինքնությունը հաստատող փաստաթղթերի համակարգին: Օրենքով անձնագիրը նախատեսվում է որպես ՀՀ քաղաքացու ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը օգտագործվելու է նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար: Անձնագիրը ունենալու է Եվրամիության չափանիշներին և քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության երաշխավորություններին համապատասխան պաշտպանական ապահովումներ՝ պարունակելով կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոց, որում ամրագրվելու են օրենքով նախատեսվող տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում' քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, աջ և ձախ ցուցամատերի մատնադրոշմները:
Կենսաչափական տվյալներով անձնագրի ներդրմամբ՝
1. կնվազեցվի անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը.
2. հնարավոր կլինի առավել պարզ՝ ավտոմատացված եղանակով իրականացնել անձի նույնականացման գործընթացը.
3. կմեծանա «անցանկալի» անձանց հայտնաբերման հնարավորությունը.
4. ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան Եվրամիության անդամ պետություններ մուտքի վիզաներ ստանալ պարզեցված կամ հեշտացված ընթացակարգով:
Վերը նշված օրենքի մշակմանը զուգահեռ շրջանառության մեջ դրվեց «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվեց 2011 թվականի նոյեմբերի 30-ին և գործողության մեջ է դրվելու 2012 թվականի հունիսի 1-ից: Նույնականացման քարտը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար՝ որպես քաղաքացիական շրջանառության բոլոր բնագավառներում անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ:
ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման ոլորտում վարչարարական ընթացակարգերի պարզեցմանն ու կրճատմանն ուղղված քաղաքականության իրականացումը ենթադրում է հանրային ծառայությունների որակի բարձրացում, ինչն ուղղակիորեն պայմանավորված է անհատական տվյալների մշակման համակարգի ներդրմամբ և կիրառմամբ: Ավտոմատացված համակարգերի շահագործումն արդյունավետ է, եթե տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացն իրականացվում է, այսպես կոչված, «նոր սերնդի» էլեկտրոնային փաստաթղթերով: Նույնականացման քարտը պարունակելու է տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ, տվյալների պաշտպանվածությունն ապահովող՝ քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր: Նույնականացման քարտերի շրջանառությունը կբարելավի մատուցվող հանրային ծառայությունների որակը, զգալիորեն կպարզեցնի անձի նույնականացման գործընթացը, կբարձրացնի վարչարարության արդյունավետությունը, կզսպի մի շարք կոռուպցիոգեն գործոնների զարգացումը, քանի որ նշված համակարգի ներդրումը զգալիորեն սահմանափակելու է վարչական մարմնի անմիջական շփումները քաղաքացիների հետ:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով նախատեսվում է Հայաստանում առաջին անգամ օրենքով կարգավորել այնպիսի հարաբերություններ, որոնք վերաբերում են անձնագիրը և նույնականացման քարտը տրամադրելու և փոխանակելու կարգին, ժամկետներին, մերժման հիմքերին, նշված փաստաթղթերն անվավեր ճանաչելու, դրանք վերցնելու հիմքերին:
Օրենքների անցումային դրույթներում ամրագրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքը՝ օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին անձնագրերը: Սահմանվել է նաև, որ մինչև օրենքներն ուժի մեջ մտնելը և ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն ստացված (փոխանակված) հին անձնագրերը համարվելու են վավերական և Հայաստանի Հանրապետության տարածքում, և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Նշված դրույթները նախատեսվել են հաշվի առնելով հասարակության որոշակի սոցիալական խմբերի պահանջմունքները, ինչպես նաև գործող անձնագրերից նույնականացման քարտերին և էլեկտրոնային անձնագրերին բնականոն անցումն ապահովելու նպատակով:
Անձի նույնականացման և ինքնությունը հավաստող փաստաթղթերի նոր համակարգի ներդրմանը զուգահեռ կատարվեց համակարգային բարեփոխում սոցիալական ապահովության քարտերի բնագավառում:
Մինչ օրս սոցիալական քարտի համարն օգտագործվում է քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի իրացումն ապահովելու նկատառումներով: Սակայն առանց ձևական պահանջների չարաշահման /օրինակ' երբ քաղաքացուց պահանջվում է ներկայացնել զանազան բնույթի տեղեկանքներ/ անձին հանրային ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունն առկա է ոչ միայն սոցիալական ապահովության, այլև' պետական և համայնքային կառավարման այլ ոլորտներում: Խնդրի կարգավորման նպատակով նախատեսվել է հանրային ծառայությունների համարանիշն ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու' Հայաստանի Հանրապետությունում կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող' քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում: Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվելու է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված լիազորությունների շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս՝ անհատական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ համարանիշը ձևավորվելու է ըստ սոցիալական քարտերի ձևավորման ձևաչափի՝ նոր ծնված քաղաքացիների' օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների (սեռ, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) հիման վրա: Համարանիշը լինելու է եզակի և փոփոխության չի ենթարկվելու:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը