Այսօր Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Հասարակություն
1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց՝ 1993 թվականից ի վեր մարտի 24-ը ողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր:
Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Կանգնեցրեք տուբերկուլոզը, քանի դեռ ապրում եմ», որն արտահայտում է տուբերկուլոզից ազատ աշխարհ ունենալու գաղափարը, որտեղ չի գրանցվի տուբերկուլոզից մահվան և ոչ մի դեպք:
ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի» շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում՝ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի բարելավում: Տարեցտարի նվազող հիվանդացության ցուցանիշը 2011-ին կազմել է 38,2, իսկ մահացության ցուցանիշը՝ 1,4 (100000 բնակչի հաշվարկով):
2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 1247 առաջնակի հիվանդ /2010 թվականին՝ 1329 առաջնակի հիվանդ/: Առաջնակի հիվանդներից 66-ը 0-17 տարեկան երեխաներ են, որը կազմում է առաջնակի դեպքերի 5,3%-ը: 0-17 տարեկանների շրջանում հիվանդացությունը կազմել է 8,9 /2010 թվականին՝ 10,7/: 2011 թվականին կյանքում առաջին անգամ ախտորոշվածներից 15-54 տարիքային խմբերին բաժին է ընկնում դեպքերի 72%-ը:
Տղամարդկանց շրջանում հիվանդացության ցուցանիշը կազմում է 57,6 /2010-ին' 58.7/, իսկ կանանց շրջանում՝ 19,9 /2010-ին՝ 23.7/: Առաջնակի դեպքերից մոտ 12,6%-ը հիվանդացել են արտերկրում:
Ազատազրկման վայրերում 2011 թվականի ընթացքում արձանագրվել է տուբերկուլոզի 33 դեպք, որոնցից 18-ը՝ առաջնակի թոքային:
2010 թվականից Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման ծրագիր: 2012 թվականի մարտի 1-ի դրությամբ դեղորայքակայուն տուբերկուլոզով 338 հիվանդ գտնվում է բուժման մեջ:
Պետության, ինչպես նաև Տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված ֆինանսավորման շնորհիվ ներկայումս Հայաստանում առկա են տուբերկուլոզի ախտորոշման և բուժման համար պահանջվող բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներն ու դեղերը:
ՀՀ առողջապահության նախարարության և Գլոբալ հիմնադրամի միջև 2011թ. դեկտեմբերի 9-ին կնքվել է նոր եռամյա դրամաշնորհային համաձայնագիր՝ շուրջ 9 միլիոն եվրո արժեքով՝ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրին հետագա աջակցման նպատակով: Հիմնադրամի կողմից միջոցներ են նախատեսված նաև 2015 թվականից հետո ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար:
Դեղեր, ախտորոշիչ նյութեր և սարքավորումներ տրամադրելուց բացի ծրագրի շրջանակներում իրականացվում են հիվանդների և նրանց ընտանիքների սոցիալական աջակցության ծառայություններ, ինչպես նաև բազմաթիվ այլ միջոցառումներ, մասնավորապես՝ տուբերկուլոզային բուժհաստատությունների վերանորոգման և անհրաժեշտ գույքով հագեցման, համապատասխան բուժանձնակազմի վերապատրաստման (այդ թվում նաև արտերկրում), հետազոտական բնույթի աշխատանքներ, ինչպես նաև բնակչության իրազեկման և կրթման ծրագրեր:
2011թ. ընթացքում ավարտվել են Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի վիրաբուժական և երկու թերապևտիկ բաժանմունքների վերանորոգման և սարքավորումներով հագեցման աշխատանքները: Նախատեսվում է հիվանդանոցում ներդնել վարակի վերահսկմանն ուղղված ժամանակակից պահանջներին համապատասխան օդափոխության համակարգ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը