Նյու Յորքում ձերբակալվել են «Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» շարժման 14 ակտիվիստներ
ԱՄՆ
Նյու Յորքում «Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» շարժման կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել են 14 ակտիվիստներ, հաղորդում է Itar-Tass-ը։
Շարժման մի քանի հարյուր անդամներ երթով անցել են Մանհեթենի փողոցներով՝ հակառակ ոստիկանության պահանջների։ Նրանք պահանջել են քաղաքի ոստիկանապետի հրաժարականը։
Միևնույն ժամանակ մեկ այլ բողոքի ակցիա է անցկացվել ՄԱԿ–ի կենտրոնակայանի դիմաց, որտեղ ցուցարարները պահանջել են պատասխանատվության ենթարկել նավթավերամշակող ընկերություններին, քանի որ դրանք չեն հետևում բնապահպանական նորմերին։
Նյու Յորքի իշխանությունները հայտնել են, որ բողոքի ակցիայի ժամանակ լուրջ միջադեպեր չեն գրանցվել, իսկ ձերբակալությունները կատարվել են հասարակական կարգը խախտելու պատճառով։
Հիշեցնենք, որ «Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» շարժումը առաջին անգամ բողոքի ակցիա է անցկացրել Նյու Յորքում անցյալ տարվա սեպտեմբերին, որի ալիքը տարածվեց ԱՄՆ–ի մի շարք խոշոր քաղաքներում, ինչպես նաև մի քանի արևմտյան երկրներում։ Շարժման անդամները բողոքում են ԱՄՆ–ի խոշոր ընկերությունների կողմից վարվող ֆինանսատնտեսական քաղաքականության, աճող գործազրկության և աշխատավարձերի կրճատման դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)