1827թ. այս օրը մահացել է աշխարահահռչակ կոմպոզիտոր Բեթհովենը
Հասարակություն
Լյուդվիգ վան Բեթհովենը ծնվել է՝ 1770թ. դեկտեմբեր 17-ին, մահացել՝ 1827թ. մարտի 26-ին, Վիեննայում: Եղել է գերմանացի մեծ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։
Բեթհովենը կլասիցիզմի և ռոմանտիզմի միջև ընկած ժամանակաշրջանի արևմտաեվրոպական դասական երաժշտության առանցքային գործիչ է, ամենահայտնի և ամենակատարվող երգահաններից մեկը: Մոցարտի և Հայդնի հետ միասին համարվում է վիեննական դասական երաժիշտներից։ Ստեղծագործել է իր ժամանակ գոյություն ունեցող գրեթե բոլոր երաժշտական ժանրերում:
Բեթհովենը երաժշտական սկզբնական կրթությունը ստացել է հորից։ Հայրը, տեսնելով որդու երաժշտական ունակությունները, երազում էր, որ որդին մանուկ հասակում ճանաչվի ամբողջ աշխարհում՝ կրկնելով Մոցարտի օրինակը։ Դրանից դրդված՝ նա հաճախ որդուն ստիպում էր պարապել առանց դադարի։ Գերհոգնածությունից և դաժան վերաբերմունքից վիրավորված՝ Բեթհովենը հաճախ էր փախչում տանից։
Պատանի Բեթհովենը երաժշտական կրթությունը շարունակում է ժամանակի ճանաչված երաժիշտ-մանկավարժ Քրիստիան Նեֆեի մոտ։ Բեթհովենը սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները։ 1787-ին մեկնում է Վիեննա, որպեսզի Մոցարտին ներկայացնի իր գործերը։ Վերջինս, լսելով Բեթհովենի երաժշտությունը, ասում է.
«Ուշադրություն դարձրեք այս երիտասարդին, կգա ժամանակ, որ նրա մասին ամբողջ աշխարհը կխոսի»։
1792-ից երիտասարդ կոմպոզիտոր վերջնականապես հաստատվում է Վիեննայում, ուր ապրում է մինչև կյանքի վերջ։
Բեթհովենը 18-րդ դարի սոնատասիմֆոնիկ ժանրի երաժշտությունը հասցրեց իր գագաթնակետին։
Գրել է տարբեր ժանրերում, ունի 9 սիմֆոնիա, 11 ուվերտյուրա, 5 դաշնամուրային և 1 ջութակի կոնցերտներ, 32 դաշնամուրային սոնատներ, գործիքային անսամբլներ (կվարտետնետ և տրիոներ), մանրանվագային պիեսներ, երգեր, «Հանդիսավոր Մեսսան» և 1 օպերա ՝ «Ֆիդելիոն»։ Իր հանրահայտ «Հերոսական սիմֆոնիան» ցանկանում էր նվիրել Նապոլեոնին։ Բայց իմանալով, որ նա իրեն կայսր է հռչակել, ցասումով է լցվում։ Բեթհովենը պատռում է ընծայագիրը և սիմֆոնիան անվանում «Հերոսական»։
Բեթհովենը խուլ վիճակում արարում է երաժշտական արվեստի իր գլուխգործոցները՝ սիմֆոնիաները, «Ապասիոնատը», «Ֆիդելիո» օպերան, «Էգմոնտը», «Կորիոլան» և այլն։
Կոմպոզիտորի կյանքի վերջին շրջանին են պատկանում «Հանդիսավոր Մեսսան» և աշխարհահռչակ 9-րդ սիմֆոնիան։
Ազատուհի Արասխանյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը