Մենք բոլորս տարբեր ենք, բայց միաժամանակ՝ իրավահավասար. Զարուհի Հովհաննիսյան
Հասարակություն
Լուրեր.com-ի զրուցակիցն է հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը։
Զարուհի, Սերժ Սարգսյանի ելույթում հնչած՝ ընտանիքին վերաբերող հատվածի ձեր մեկնաբանությունը լայն արձագանք գտավ։ Թեև արձագանքը հիմնականում դրական էր, այնուամենայնիվ Ձեր հասցեին նաև մեղադանքներ հնչեցին՝ իբր ընտանիքի ինստիտուտի կազմաքանդման կոչերի համար։ Ինչո՞վ է պայմանավորված նման բուռն հակազդեցությունը։
Դա բնական հակազդեցություն է և բխում է այն բանից, որ նրանք չեն ցանկանում փոխվել, չեն ցանկանում իրենց սեփականատիրական զգացումներից ձերբազատվել ու գործել ոչ թե ի շահ սեփականության, այլ հանուն հանրային բարօրության: Թիվ մեկ պատճառն այն է, որ ընտանիքն ընկալվում է իբրև սեփականություն՝ իմն է ու վերջ: Այդ սեփականությունը հիմնվում է ոչ թե սիրո կամ փոխըմբռնման, կամ իրավահավասարության վրա, այլ բռնության, ունեցվածքի կուտակման ու ձայնի իրավունքից զրկելու: Հենց սա է պատճառը, որ մեզանում չի կայանում ո՛չ ընտրությունների ինստիտուտը, քանի որ մարդիկ ընտրությունը կատարում են՝ հաշվի առնելով բոլորի կարծիքն ու հասարակության տարբեր կարծրատիպային պատկերացումները, ո՛չ էլ ազատ տնտեսական մրցակցությունը, քանի որ ամեն տնտեսվարող սուբյեկտ իր կլանի շահերն է սպասարկում ու փորձում հնարավորինս գործել ոչ թե երկրի օրենքների, այլ ընտանեկան-կլանային կոդեքսների շրջանակներում։
Այսինքն՝ Դուք ոչ թե առհասարակ ընտանիքի ինստիտուտի վերացման, այլ ընտանիքի մոդելներից մեկին՝ այսպես կոչված ավանդական ընտանիքին եք դեմ, որը Ձեր համոզմամբ կլանային համակարգ է, սակայն ձեր ընդդիմախոսները փորձում են ներկայացնել, որ դուք դեմ եք ընտանիք հասկացությանն ընդհանրապես։ Ի՞նչ եք կարծում, սա թյուրըմբռնման հետևանք է, թե՞ միտումնավոր խեղաթյուրում։
Կարծում եմ՝ միտումնավոր խեղաթյուրում, իհարկե: Ես չեմ ժխտում ընտանիքն իբրև ինստիտուտ։ Ինչպե՞ս ես կարող եմ դրան դեմ արտահայտվել, երբ ինքս ունեմ ընտանիք ու երեք երեխա: Սակայն ավանդական հայկական ընտանիք կոչված մոդելը հիմնված է պատրիարխալ մտածողության, այլ ոչ՝ իրավահավասարության սկզբունքի վրա։ Իսկ այդ մտածողությունն իրեն վաղուց սպառել է և հետադիմական է անկախ հանրապետության կերտման ժամանակահատվածում:
Ձեր ընդդիմախոսները կարծիք հնչեցրեցին նաև, որ դեմ արտահայտվելով ավանդական ընտանիքին՝ դուք կողմ եք արտահայտվում նույնասեռական ընտանիքներին։ Ի՞նչ եք կարծում, ժամանա՞կն է Հայաստանում օրինականացնել նույնասեռական ամուսնությունները։
Ինչ վերաբերում է ընտանիքի մոդելներին, ապա ՀՀ քաղաքացին ինքը պետք է ընտրի, թե ում հետ ապրի և ինչպես: Օրինականացման համար դեռ պետք է հասարակական հանդուրժողականության մթնոլորտ ձևավորել, որը չկա անգամ միայնակ մայրերի ու քաղաքացիական ամուսնությամբ ապրող զույգերի պարագայում: Մենք դեռ մարդ ասվածը չենք հասկանում՝ ինչ է, չենք ընկալում, թե որքան բազմաշերտ ու բազմատարր է այդ հասկացությունը... Չէ՞ որ մենք բոլորս տարբեր ենք, բայց միաժամանակ՝ իրավահավասար:
Այնուամենայնիվ, իրբև ավանդական ընտանեկան մոդելի այլընտրանք դուք ինչպիսի՞ մոդել եք առաջարկում հասարակությանը։
Ես կմեջբերեմ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը, որտեղ պարզ գրված է՝ «յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը»։ Սա նշանակում է, որ ամեն ոք իրավունք ունի ազատ ընտրել իր համար ցանկալի տարբերակը: Իսկ ընտանիք ինստիտուտին ընդհանրապես ես հակադրում եմ քաղաքացիության ինստիտուտը: Ընտանիքը մարդկանց սոցիալական խումբ է, որը կապված է արյունակցական կամ ամուսնական կապերով։ Ի՞նչ է քաղաքացիության ինստիտուտը։ Այն իրավաբանական նորմերի մի համակարգ է, որը ամրացնում է կապը անհատի և պետության միջև:
Բայց ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածում ամրագրված է, որ ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է...
Այն հնարավորություն է տալիս գալ հանրային համաձայնության՝ տվյալ տարածքում հաստատելով ապրելու նույն կանոնները: Սահմանադրությունն է այն հանրային պայմանագիրը, որն ընդունվում, հարգվում և պաշտպանվում է քաղաքացիների կողմից, իսկ ընտանիքը մասնավոր կյանք է, և հանրային մասնակցության կարիք չի զգում ամենևին: Փաստորեն, և՛ քաղաքացիության, և՛ ընտանիքի ինստիտուտներն ուղիղ համեմատական են երկրի կառավարման համակարգին։ Ընտանիքը որպես ինստիտուտ առավել ճկուն է ու հարմարվում է իրավատնտեսական հարաբերությունների, կառավարման համակարգի տրանսֆորմացիաներին։ Իսկ քաղաքացիության ինստիտուտը ուղիղ համեմատական է դեմոկրատական արժեհամակարգի կայացմանը և չի ձևավորվում դրա բացակայության պայմաններում։ Ըստ իս՝ ընտանիքի դեմոկրատիզացիան կախված է քաղաքացիության ինստիտուտի կայացումից, որը կխարխլի պատրիարխալ ընտանիքի հիմքերը՝ ստեղծելով նոր իրավահարաբերություններ նաև ներընտանեկան հարաբերություններում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը